Ա. Հայրապետյան
Անոտացիա
Իմաստային պարադոքսները ուսումնասիրվել են հին Հունաստանում առնվազն մ.թ.ա 4-րդ դարից: Արիստոտելը, իսկ հետո միջնադարյան տրամաբանները սկսած Ջ. Բուրիդանից, Թ. Բրադվորդինից, Ու. Սիգրավից մինչեւ Պողոս Վենետիկացին բազմազան լուծումներ են առաջարկել: 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի 30-ականները մասնավորապես Գ. Ֆրեգեն, Բ. Ռասելը, Չ.Ս. Փըրսը, Ա. Տարսկին, եւ մյուսները անդրադարձան ձեւական տրամաբանության եւ լեզվի փիլիսոփայության հարցերին, որոնց պարզաբանումները խթանեցին վերադարձը պարադոքսների վերլուծմանը:
Սակայն ժամանակակից վերլուծումներում լիարժեք չեն օգտագործվում այդ շրջանի նվաճումները` մի շարք կարեւոր մանրամասներ անտեսվում են:
Մասնավորապես, սուտասանի պարադոքսը վերլուծվում է որպես ինքնահղում եւ համարվում «Այս նախադասությունը սուտ է» պնդման համարժեք:
Այստեղ այդ տեսակետը վիճարկվում է: Իմաստային պարադոքսները քննվում են նախադասության իմաստի եւ նշանակության հարաբերությունը հաշվի առնելով: Այսինքն դիտարկվում է իրականության ե՛ւ նպատակային, ե՛ւ ընդարձական արտապատկերումները:
Ներածություն
Իրականությունը նկարագրելիս, մտքերն արտահայտելիս մարդիկ այլ միջոցների հետ մեկտեղ, գործածում են խոսքը: Մտքերը կոդավորվում են նշաններով (ձեւույթներով) քերականական օրենքների համաձայն` արտադրվում է խոսքը: Այդ օրենքները սահմանափակում են նշանների բազմությունը եւ նրանց [պատահական] համակցումը: Դրա շնորհիվ կոդերը ընկալելի են դառնում’ հնարավոր է դառնում նրանք համապատասխանեցնել մտավոր պատկերների: Քանի որ մտավոր պատկերները ձեւավորվում են արտաքին աշխարհից` իրականությունից, զգայարանների միջոցով ստացված ազդակներով, ապա ընկալումը, ըստ էության, վերածվում է կոդի արտապատկերմանը իրականության: Սա իմաստավորումն է:
Խոսքային միավորներում սովորաբար տարբերում են երկու պլան` արտահայտության եւ բովանդակության: Առաջինը կոդն է, նշանների հաջորդականությունը: Երկրորդը նույնացվում է իմաստի հետ:
Անցած դարի սկզբին Բ.Ռասելը հայտնաբերեց [Rus1903] ժամանակակից ձեւական տրամաբանության հենքը դարձած Գ.Ֆրեգեի աշխատությունները, որոնք շատ համահունչ էին իր հետազոտություններին: Մասնավորապես առաջ քաշվեց իմաստի երկու նշանակություն` Sinn (գերման.` իմաստ) եւ Bedeutung (գերման.` նշանակություն) [Fre1892]: Ռասելը սրանք անգլերեն անվանեց meaning եւ indication համապատասխանաբար: Անգլիալեզու գրականության մեջ հաճախ (գերազանցապես) գործածվում են sense եւ reference:
Մենք կգործածենք իմաստ եւ նշանակություն եզրույթները համապատասխանաբար: Կարելի է ասել, որ «իմաստն այն գաղափարն է, որ մեկն իր մտքում համապատասխանեցնում է մասնավոր բառին կամ բառակապակցությանը: Սա տարբերվում է նույն բառի կամ բառակապակցության նշանակությունից, որն եզրույթին եւ նրա բովանդակությանը համապատասխանող մի բան է աշխարհում» [Dea1998, է.61]:
Նշանն արտահայտության պլանի հասկացություն է, իսկ իմաստը` բովանդակության: Բովանդակությանը սովորաբար մի բան է համապատասխանում աշխարհում:
Լեզվական կամ իմաստային պարադոքսներ
Պարադոքսների քերականական վերլուծություն կատարելուց հետո նրանք կքննենք ձեւական տրամաբանության եւ իմաստաբանության տեսանկյունից: Վերլուծման ժամանակ հաշվի կառնենք Տարսկու «նյութական ճշմարտության» կամ դիտարկվող լեզվից դուրս գտնվող` օբյեկտային լեզվով ճշմարտության հաստատման սկզբունքը. լեզուն չի կարող իր միջոցներով, «ներսից» ճշմարտություն ստորոգել [Tar1935]: Լեզվական արտահայտությունը ճիշտ է, եթե նրա իմաստն արտաքին, նյութական ճշմարտություն է: Օրինակ` «Անին Հայաստանի մայրաքաղաքն է» նախադասությունը ճիշտ է միայն, եթե Անին Հայաստանի մայրաքաղաքն է:
Սուտասանի պարադոքսը
Սուտասանի պարադոքսը, որը ամենահայտնին է, սովորաբար պարզագույն ձեւով ներկայացվում է «Ես ստում եմ» նախադասությամբ: Դրա դասական օրինակը` «Կրետացիք միշտ ստախոս են» [ԱՍՏ1896, Առ Տիտոս, 1.12], վերագրվում է կրետացի Էպիմենիդեսին: Միլեթացի Եւբուլիդեսը (գործել է մ.թ.ա., 4-րդ դ.) [Pou1988, է.18] դասակարգել է այն իր 7 պարադոքսների շարքում:
«Կրետացիք միշտ ստախոս են» նախադասությունը կարելի է բաղդատել հետեւյալ տրամաբանական ձեւերի (ֆունկցիաների)
Գոյություն ունի c կրետացի անհատների C դաս, որի համար
Անդամների cs վիճակը կարող [միշտ] ստախոս կամ ճշտախոս լինել.
Էպիմենիդեսը C դասի անհատներից մեկն է (որի վիճակը cs(է) կնշանակենք):
Դիտարկենք Էպիմենիդեսի ելույթի խոսքային շրջապատը որպես ֆիզիկական համակարգ, որում գործում են C դասի կրետացիները, Էպիմենիդեսը ներառյալ, եւ նրա լսարանը` ունկնդիրները: Մարդիկ եւ նրանց գործունեությունը իրական տարածության եւ ժամանակի մեջ են գտնվում/կատարվում:
Տարբերենք ժամանակային հետեւյալ դիրքերը (ակնթարթները), որոնք նշված են tn, եւ հատկանշենք պատահույթի մասնակիցների վիճակները`
t0 – Էպիմենիդեսի ելույթի սկիզբը. C դասի c անդամների cs վիճակը ունկնդրողներին հայտնի չէ եւ կարող է կամ ստախոս կամ ճշտախոս լինել: Այն հանգամանքը, որ վիճակը հայտնի չէ այս ժամանակային դիրքում, նշենք որպես cs (t0) = x, որտեղ x-ը հատկանշում է անհայտ կամ անորոշ վիճակ:
t1 - Էպիմենիդեսի ելույթի վերջը. Այս ակնթարթից ի վեր ունկնդիրների մոտ C դասի բոլոր c անդամների եւ այդ թվում նաեւ cs(է) (Էպիմենիդեսի) վիճակը դառնում է ստախոս, այսինքն` cs(է) (t1) = ստախոս:
t2 – Էպիմենիդեսի վիճակի ճշտման պահ. ունկնդիրները ստեղծված իրավիճակը վերլուծելուց հետո հասկանում են, որ Էպիմենիդեսի ասածը t2 իրադրաժամանակից ի վեր ճշմարտություն է` բոլոր կրետացիք ստախոս են եւ Էպիմենիդեսի վիճակը դառնում է` cs(է) (t2) = [երբեմն] ճշտախոս:
t3 – Էպիմենիդեսի վիճակի վերանայման պահ. ունկնդիրները վերագնահատելով իրավիճակը t3 պահից հետո հասկանում են, որ Էպիմենիդեսի ասածը սուտ է եւ նրա cs(է) (t3) վիճակը դառնում է ստախոս:
Այս պահից ի վեր բոլոր զույգ t4, t6, t8, … պահերին ունկնդրողները գործում են t2 -ի դատողությունների համաձայն, իսկ կենտ` t5, t7, t9, … պահերին, t3 -ի համաձայն:
Այս նախադասությունը սուտ է
«Այս նախադասությունը սուտ է» պնդման տրամաբանական ձեւը հետեւյալն է` «x-ը սուտ է»: Օրինակ` եթե x = 2+2=4, ապա «x-ը սուտ է» պնդումը սուտ է, իսկ երբ x = 2+2=7, ապա` ճիշտ:
Ո՞րն է «Այս նախադասությունը սուտ է» նախադասության x-ը: Արտահայտության պլանում դա «Այս նախադասությունը» բառակապակցությունն է` նախադասության քերականական ենթական: Սակայն այդ քերականական ենթակայի նշանակությունը կամ իրական ենթական «Այս նախադասությունը սուտ է» նախադասությունն է: Այդ նախադասության պնդումը, այսինքն նշանակությունը` «Այս նախադասությունը սուտ է» [նախադասությունը] սուտ է:
Փորձենք հասկանալ, թե այդ պնդումը ճի՞շտ է, թե՞ սուտ: Եթե սկզբնական նախադասությունը սուտ է, ապա նրա պնդումը ճիշտ է, իսկ եթե սկզբնական նախադասությունը ճիշտ է, ապա պնդումը սուտ է: Այս երկու արժեքներից ո՞րն է համապատասխանում նախադասության բովանդակությանը: Ի տարբերություն x = «Անին Հայաստանի մայրաքաղաքն է», x = 2+2=4, կամ x = 2+2=7, մենք x = «Այս նախադասությունը սուտ է» դեպքում x-ին որեւէ` ճիշտ կամ սուտ, որոշակի արժեք վերագրել չենք կարող:
Եթե ենթադրենք, որ նախադասության նշանակությունը սուտ է, ապա դա կհակասի նախադասության իմաստին: Հակառակը, եթե ենթադրենք, որ նշանակությունը ճիշտ է, ապա դա կհակասի նախադասության նշանակությունը: Նախադասությանը ճշմարտության արժեք վերագրել կամ նշանակել հնարավոր չէ, քանի որ նրա իմաստը հակասում է նշանակությանը:
Ամփոփում
«Այս նախադասությունը սուտ է» պարադոքսը ժամանակակից գրականության մեջ ներկայացվում է որպես «Կրետացիք միշտ ստախոս են» (կամ «Ես ստում եմ») պնդման տարբերակ, այսինքն որպես համարժեք, եւ դասակարգվում է, որպես հակասող ինքնահղում: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ դա առնվազն վիճելի է:
Առաջին հերթին պետք է նշել, որ այս պարադոքսների համար կարեւորը ոչ թե ինքնահղումն է, այլ արատավոր շրջանը:
Երկրորդ` «Այս նախադասությունը սուտ է», անլուծելի պնդում է` օբյեկտային լեզվում, որը տրամաբանությունն է. խոսողը չի կարող «Այս նախադասությունը սուտ է» ո՛չ ճիշտ, ո՛չ էլ սուտ հռչակել:
Եթե Էպիմենիդեսի խոսքով ստեղծված արատավոր շրջանի կառուցվածքը մանրամասն ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ Էպիմենիդեսը փաստորեն իր հատկանիշներից մեկի մասին պնդում է, որ «[Իմ] հատկանիշի արժեքը միշտ հակառակն է», քանի որ սուտ արժեքը ժխտում (գոյական) է, հակադրում: Ճիշտ-ի ու սուտ-ի վերագրումը համարժեք չէ` երբ սուտ իմաստ արտահայտող ձեւը ճիշտ է հռչակվում, այն սուտ է մնում: Սակայն, երբ սուտ պնդումը սուտ է հռչակվում, այն ճիշտ է դառնում:
Արատավոր շրջանը «կայուն» չէ, լուծում չունի, քանի որ կենտ թվով ժխտումներ է պարունակում: Նրա վիճակը կարելի է անհեթեթ, տատանվող համարել:
«Այս նախադասությունը սուտ է» նախադասությունը ո՛չ ճիշտ, ո՛չ էլ սուտ: Նրա իմաստը հակասում է նշանակությանը անկախ նրանից թե ով, երբ, եւ որտեղ է այն ասում:
«Կրետացիք միշտ ստախոս են» նախադասությունը արատավոր շրջան է ստեղծում միայն այն դեպքում, երբ այն որեւէ մի կրետացի է բարձրաձայնում: «Ես ստում եմ» այդ թերությունից զուրկ է: Սակայն, նկարագրվող իրավիճակը` նախադասությունն արտասանողի սուտասան լինելը, հակասական չէ: Ուղղակի որեւէ մեկն իր մասին չի կարող դա ասել: Մեկ ուրիշը` կարող է («Դու ստում ես», «Մարիա Վլադիմիրովնան ստում է»): Այս նախադասությունների նշանակությունը կարելի արտահայտել եւ որակավորել խոսքային մի այլ պատահույթով:
Պարադոքսների լուծման համար կարելի է հրաժարվել դեռ Արիստոտելի ժամանակ ընդունված ընտրության աքսիոմից: Դրան համաձայն պնդման արժեքավորումը երկուական է` կամ ճիշտ կամ սուտ: Եթե փորձենք դրանց ավելացնել անորոշ եւ տատանվող արժեքները, ապա պետք է հաշվի առնել, որ այս երկու նորերը ինքնուրույն չեն` նրանք ճիշտ-ի եւ սուտ-ի մասին տեղեկույթ են (կամ դրա բացակայությունը):
Գրականություն
[ԱՍՏ1896] Աստուածաշունչ Մատեան Հին եւ Նոր Կտակարանների, UBS Stuttgart, 1989։
[Fre1892] Über Sinn und Bedeutung (On Sense and Reference), Zeitschrift für Philosophie und philosophische Kritik, vol. 100, 1892
[Pou1988] W. Poundstone. Labyrinths of Reason, Anchor Press, Doubleday, NY, 1988
[Rus1903] B. Russell. The Principles of Mathematics. 2nd Edition, 1938. Cambridge University Press. 1903.
[Tar1935] A. Tarski. Der Wahrheitsbegriff in den formalisierten Sprachen (The concept of truth in formalized languages), Studia Philosophica, 1: 261–405. The translation: J.H. Woodger 1983, Logic, Semantics, Metamathematics, Indianapolis: Hackett, second edition, Edited by J. Corcoran with translations by J.H. Woodger, 152–278.
Մարտի 14, 2023, աննշան շտկումներ` հունիսի 22, 2023.
Comments