top of page
Search

Իմաստույթ

Jul 23, 2023
2 min read

Միավորենք այս երկու քերականական միջոցներով` թեքումով (հերթագայություն եւ կցում) ու բառային միավորների հարադրությամբ, իմաստի արտահայտումը մի հասկացության տակ եւ անվանենք այն իմաստույթ: Օգտվելով այս հասկացությունից` կ’խոսենք իմաստույթի` մի լեզվի թեքույթների բազմության մի այլ լեզվի թեքույթների բազմությանը համապատասխանության (կամ արտապատկերման) մասին` առանց մանրամասելու թե հարացույցը համադրական է, թե վերլուծական: Նույն լեզվի սահմաններում կ’խոսենք իմաստույթի ձեւերի հոմանիշության մասին, այլ ոչ թե թեքույթի համադրական կամ վերլուծական արտահայտման մասին: Օրինակ` տուփում եւ տուփի մեջ թեքույթները կ’դիտարկենք որպես տուփ իմաստույթի ներգոյականի հոմանիշ ձեւեր, որոնցից առաջինը բուն հայերեն ներգոյական հոլովաձեւ է, իսկ երկրորդը` հայերեն Սեռական հոլովաձեւի եւ մեջ կապի հարադրություն: Մի այլ օրինակ է վազեցնել - վազել տալ պարզ եւ բաղադրյալ բայերի միջոցով արտահայտված պատճառականությունը: Սրանք վազել իմաստույթի պատճառական հոմանիշներն են:

Եթե իմաստույթը խոսքի մասի համարժեք համարենք եւ հարացույցը դիտարկենք որպես իմաստույթների թեքման ցուցակներ (տախտակներ), ապա մի լեզվի հարացուցային ձեւերի արտապատկերումը ավելի պարզ կ’դառնա: Հոլովման կամ խոնարհման ձեւը կ’դառնա բառախմբի (իմաստույթի), այլ ոչ թե բառաձեւի տարբերակ:

Սակայն այս պարզեցումը չի լուծում իմաստույթի որեւէ մի հարացույցով` հոլովումով կամ խոնարհումով թեքվելու խնդիրը: Մի լեզվում իմաստույթը կարող է միայն հոլովվել, իսկ մյուսում` ե՛ւ հոլովել, ե՛ւ խոնարհվել: «Կան լեզուներ, որոնցում ժամանակային նշագրումը կատարվում է բայերից տարբերվող ձեւերի վրա: Այդպիսի նշագրում Ճապոներենում կարող ստանալ ածականը, օրինակ` shiroi – սպիտակ, shirokatta – սպիտակ էր, shirokute – սպիտակ լինել, ևն: Պոտավատոմիում [անգլերեն` Potawatomi կամ Pottawatomie, հյուսիս-ամերիկյան Միլուոկի եւ Վիսկոնսին, ինչպես նաեւ հարավային Օնթարիո նահանգների տեղաբնակ Ալգոնքուին ժողովրդի լեզու] անցյալ ժամանակի վերջավորությունը, որը հատուկ է բայերին, կարող է դրվել գոյականների վրա`

/nkašatəs/ ես երջանիկ եմ

/nkəšatsəpən / ես միառժամանակ երջանիկ էի

/nos`/ հայրս

/nosp`ən/ մահացած հայրս

/nčiman/ նավակս

/nčimanpən/ նախկին (կորցրած, գողացված) նավակս

(ըստ [Hoc1958::238]) [Cry2010::96]:


Այս օրինակների համաձայն անվանական ձեւերը կարող են ստանալ բայական կարգերին հատուկ մասնիկներ: Սա նշանակում է, որ մի լեզվի տեքստային իմաստույթի արտապատկերումը այլ լեզվի հոմանիշ իմաստույթի միշտ չէ, որ մնում է նույն խոսքի մասի սահմաններում:

--

[Cry2010] D.Crystal. The Cambridge Encyclopedia of the English Language, 3 edition. Cambridge University Press, 2010

[Hoc1958] C.F.Hockett. A course in modern linguistics. Macmilllan, NY, 1958

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page