Հաղորդակցման գործընթացում ներգրավված են իրականության հետեւյալ էությունները` առաջին հերթին, բնականաբար, հաղորդումը (խոսքը), խոսողը, ընկալողը (լսողը), հաղորդման կրիչը` ձայնային, գրային եւ այլ միջոցներ, ազդանշանը եւ լեզուն, որը ապահովում է խոսքի արտադրանքը եւ վերլուծումը (ընկալման համար):
Խոսող եւ լսող ասելիս հասկանում ենք խոսքի ցանկացած տեսակով` բանավոր, գրավոր, թե շարժական եղանակով հաղորդակցվող:
Այս անմիջական մասնակիցներից բացի, կարելի է առանձնացնել նաեւ խոսողի եւ լսարանի անմիջական շրջապատում կամ այլուր գտնվող, խոսքային գործընթացին չ’մասնակցող անձիք եւ առարկաներ: Խոսողը եւ լսողը բանական էություններ են:
Այս բոլորի համար լեզվում նախատեսված են հատուկ նշաններ:
Խոսքի գործողության հետ առնչվում է երեք տեւողություն` ա) անցյալ` խոսքային պատահարից առաջ գտնվող, բ) ներկա` խոսքային պատահարին զուգընթաց եւ գ) ապագա` խոսքային պատահարից հետո:
Խոսողը կարող է անցյալում եւ ներկայում գտնվել, իսկ լսողը ներկայում եւ ապագայում:
[from older version]
Մեր զգայարաններից ստացված իրականության պատկերները մենք մտածողության միջոցով վերլուծում ենք առարկաների: Վերլուծման հետեւանքով որոշվում են առարկաների գոյաբանական, տրամաբանական, տարածական, ժամանակային հարաբերությունները, ինչպես նաեւ նրանց հատկությունները` որպիսությունը:
Հասկացությունների (որպիսությունների) եւ իրերի (սույնությունների) մտավոր պատկերները եւ նրանց մտավոր հարաբերությունները մեր մտքում հավանաբար ներկայացվում են ցանցերով (տե՛ս Իմաստային ցանցեր հատվածը): Երկու տեսակի այդ ցանցերից մեկում` Հասկացական ցանցում, պահվում են հասկացությունների գոյաբանական եւ տրամաբանական, իսկ երկրորդում` ԻՑ-ում` իրերի տարածա-ժամանակային եւ հոգեբանա-զգայական հարաբերությունները:
Խոսքը, ընդհանուր առմամբ, հաղորդում է`
Շրջապատող իրերի եւ երեւույթների` իրականության մասին որեւէ անհատի մտքում ձեւավորված եւ վերլուծված պատկերները
Այդ անհատի վերաբերմունքը ասածին
Ասածի բովանդակության ձեւավորման աղբյուրների եւ այդ աղբյուրների բնույթի եւ հավաստելիության մասին։
Այս ամենի համար նշաններ` անուններ են հատկացվում: Իրականության մեր ընկալումը մենք միմյանց ենք հաղորդում այդ նշանների հատուկ (քերականական) օրենքներով հարադրված հաջորդականությունով` նախադասությունով, որը կազմում է բնական խոսքը:
Խոսքային ակտը պահանջում է խոսող եւ լսող (կամ լսողներ, լսարան):
Լսողը կարող է խոսողի անմիջական հարեւանությամբ գտնվել եւ լսել կամ կարդալ խոսքը կամ ժամականակատարածային հեռավոր (ապագա) դիրքում գտնվել: Լսողի դերը կարող է ինքը խոսողը կատարել` մենախոսել: Բայց սա կրկին խոսողից լսողին ուղղված տեղեկատվություն է. ուղղակի խոսողի եւ լսողի դերը նույն անհատն է կատարում:
Զգայարանների միջոցով շրջապատի մասին մեզ հասնող տեղեկատվությունը անմիջական է, մինչդեռ խոսքայինը` միջնորդված: Դա լավագույն դեպքում մեզանից որեւէ մեկի կողմից անմիջականորեն ստացված զգայական տեղեկատվության մեկնաբանությունն է, որն արտահայտվում է խոսքով: «Միջնորդված» տեղեկատվության հասկանալի լինելը ենթադրում է խոսողի եւ լսողի նախօրոք պայմանավորվածությունը «կոդավորման» մասին: Այդ պայմանավորվածությունը երկուսի լեզվական «օրգանի» նույն քերականական օրենքներով բեռնավորումն է (լեզվին տիրապետումը):
Լեզվական «օրգանը», մետաքերականական օրենքները դարանելու հետ մեկտեղ, ձեւակցում է մասնավոր լեզվի երեք հիմնական գործողություններ կատարելու համար`
խոսքի ընդհանրական, ներքին («խորքային») կառուցվածքի` ԲԾ, կառուցում,
ԲԾ-ի փոխակերպում մասնավոր, բնական խոսքի («մակերեսային») կառուցվածքի` նախադասության եւ
մասնավոր բնական խոսքի նախադասության վերլուծում ԲԾ-ի:
Մարդկային խոսակցական հաղորդակցության մասնակիցները եւ դերակատարները (լայն իմաստով) կամ էություններն են`
Խոսողը (ուղեղի մասնավոր լեզվով ձեւակցված լեզվական «օրգանի» սերող համակարգը)
Լսողը (ուղեղի [նույն] մասնավոր լեզվով ձեւակցված լեզվական «օրգանի» վերլուծող համակարգը)
Իմաստակիր նշանները
Հասկացությունների (որպիսությունների)` սրանց մեջ են մտնում բոլոր անվանական ձեւերը, դերանունները եւ դերբայները
Սույնությունների` ցուցական դերանունները, հոդերը եւ անվանումները (հատուկ անունները)
Հատկությունների` հատկանիշներ
Հարաբերությունների`
Տարածական
Ժամանակային
Գոյաբանական` հոմանիշ, հականիշ ևն
Տրամաբանական
Վերաբերական
Խոսողին եւ լսողին համապատասխանող
Ներկաներին որպես խոսողներ կամ լսողներ ցուցանող
Բացականերին (կամ խոսքային ակտին չմասնակցողներին) համապատասխանող
Ներկա եւ բացակա առարկաներին ցուցանող նշանները, ընդ որում որոշ լեզուներում խոսողին, լսողին եւ բացականերին մոտ գտնվող տարբեր նշանները` սա (այս), դա (այդ), նա (այն)
Մեկից ավելի նույնատեսակ սույնությունների` հոգնակիության (առնվազն երկու արժեք)
Գործողության, վիճակի (լայն իմաստով) փոփոխության (այդ թվում նաեւ փոփոխության բացակայության` անփոփոխության)
Ուշադրություն հրավիրող
Ինքնանիշ նշանները
Զարմանք, վերաբերմունք ևն արտահայտող
Բնական ձայների (մարդկանց եւ կենդանիներին հատուկ ձայները ներառյալ)
Գործառական նշանները
Նշանների կրիչները` ձայնային տատանումները, գծային ձեւակցությունները, շարժային հաջորդականությունները
[Այս ամենին կարելի էր ավելացնել ա) գույներ, բ) ազգակցություն, գ) 1, 2 եւ շատ, դ) չափեր, ե} եռաչափ տարածության ուղղություններ, զ} ժամանակային հաջորդականություն նշող, ևն նշանների դասեր, բայց սրանք ավելի շուտ մետաֆիզիկայի (մտածողության) կամ ազգագրության (մշակույթի), քան լեզվաբանության (լեզվի եւ խոսքի) ոլորտին են վերաբերում: Տե՛ս [Pin2003::435-439 ], որտեղ բերված են Համամարդկային Ընդհանրականները՝ ըստ [Bro1991]:]
Նշանները դասակարգվում եւ նկարագրվում են ձեւաբանական օրենքներով: Դրանցից շարահյուսական (եւ տրամաբանական) օրենքների համաձայն կազմվում է խոսքը: Գործող էությունները` խոսողները եւ լսողները, նախօրոք իմանալով նշաններին համապատասխանող իմաստները, ձեւաբանական եւ շարահյուսական օրենքները, սերում են (խոսողները) այնպիսի խոսք, որը հասկանալի է (լսողին):
Մասնավոր լեզուները նշանների, իմաստների, նրանց արտապատկերման, ձեւաբանական եւ շարահյուսական օրենքների տարբեր իրագործումներ են: Բնական լեզուների մետաքերականությունը (լեզվական «օրգանը») եւ տրամաբանական օրենքները բացարձակապես ընդհանրական են:
Այս կամ այլ լեզվի թե՛ մասնավոր քերականական կառույցները եւ թե՛ բառապաշարը ձեւավորվում են միջավայրի ճնշման տակ: Այստեղ միջավայր ասելով՝ հասկանում ենք մարդկային մշակույթը: Լեզվական ամբողջ համակարգի զարգացումը ամեն մի ակնթարթում ուղղված է հաղորդակցման «բարելավմանը», այսինքն` արագացմանը եւ հակիրճությանը («նվազագույն ճիգի» օրենքի համաձայն):
«Բարելավումը» թվացյալ է: Ինչպես եւ կենսաբանական տեսակների` օրգանների եւ օրգանիզմների դեպքում, «բարելավումը» իրականում հարմարեցում է: «Բարելավման», զարգացման, էվոլյուցիայի գործընթացը ուղղվածություն կամ նպատակ չունի: Ընկալվող զարգացումը շարժում է դեպի «ներկա միջավայրում գոյատեւելուն»:
Համայնքը աստիճանաբար գտնում է արդի ժամանակահատվածին հատուկ պարզագույն միջոցների նվազագույն քանակը մեծագույն քանակով մտավոր պատկերներ ճշտագույնս արտահայտելու համար: Հակառակ ուղղվածություն ունեցող այս գործընթացներից առաջինը բերում է նոր միակտորումների, իսկ երկրորդը` նոր վերլուծումների: Առարկաների, նրանց հարաբերությունների եւ հատկությունների նոր մասեր են ստեղծվում` նոր ձեւեր, գույներ, չափեր ևն: Սա հատուկ է ե՛ւ մտածողությանը, ե՛ւ խոսքի արտադրությանը:
Մարդկային ուղեղի եւ տեղեկատվություն մշակող մեքենայական սարքի զուգահեռները դժվար չէ նկատել`
Բնական լեզու – արհեստական (ծրագրավորման) լեզու
Բնական խոսք – ծրագիր
Խոսքի ընկալում (վերլուծում խոսքային (նախադասական) ծառերի) – ծրագրի ընկալում (վերլուծում ծրագրային ծառերի)
ԲԾ-ի շարակապում մտավոր պատկերների – ծրագրի ծառի շարակապում մեքենայական կոդի
Ընդհանրական լեզվական «օրգան» - շարակապիչ (compiler)
Մտածողական օրգան (ուղեղ) - թվաբանա-տրամաբանական սարք
Մտածողություն - ծրագրի կատարում։
Բնական խոսքի վերլուծումը երկփուլ է`
ա) Նախադասության փոխակերպում իմաստույթային ձեւերի ծառատիպ կառույցի.
բ) Ծառի գծայնացում՝ լեզվական «օրգանի» կողմից հաջորդաբար «կարդալու» եւ ընկալելու համար:
Վերլուծիչը եւ շարակապիչը լեզվական «օրգանի» մետաօրենքներին «ծանոթ» ալգորիթմական իրագործումներն են:
Համադրական լեզվով արտադրված խոսքի ամենաընդհանրական կառուցվածքի ստորադասական կարգեր են (վարից վեր)` ա) պարզ հիմքերը եւ ածանցները (նաեւ նախա- եւ հետադրությունները), բ) իմաստույթները, գ) բառակապակցությունները, դ) պարզ նախադասությունը, ե) բարդ նախադասությունը:
Comments