top of page
Search

Նախադասության անդամներ

Jul 23, 2023
2 min read

Նախադասությունն արտահայտում է շրջապատող իրականության մասին մի որեւէ միտք: Այն նկարագրում է իրական առարկաների վիճակները, հատկությունները, հարաբերությունները, տարածա-ժամանակային դիրքերը եւ այդ ամենի փոփոխությունները:

Խոսքում, նախադասությունում միտքն արտահայտվում է նշանների (բառերի) միջոցով, որոնք մատնանշում են առարկաներ, հատկանիշներ, հատկանիշների հատկանիշներ եւ գործողություններ: Նախադասությունը, լինելով խոսողին եւ լսողին շրջապատող իրականության նկարագրություն, հաղորդում է կատարում ինչ-որ առարկայի գործողության կամ եղելության մասին:

Բացի այդ, խոսքում արտահայտվում է նաեւ խոսողի վերաբերմունքը ասվածին, նրա հոգեկան վիճակը: Դա հայերենում արտահայտվում է եղանակավորող բառերով եւ բայի հարացուցային ձեւերով: Եղանակավորող բառերը եւ բառախմբերը կարելի է բաշխել չորս կարգերում` «ա) հարցուպատասխանական, բ) սուբյեկտիվ-վերաբերողական, գ) ձայնարկական, դ) կոչական-դիմողական» [Ջահ1974::357]: Այլ լեզուներում վերաբերմունքը կարող է արտահայտվել քերականական միջոցներով, բայի զարմացականության կարգով:

Խոսողը նաեւ կարող է գնահատել իր իսկ հայտնած տեղեկատվության վստահելիությունը: Նա կարող է հաղորդել տեղեկատվության աղբյուրի մանրամասները եւ դրանով իսկ ճշտել տեղեկատվության վստահելիությունը: Սա արտահայտվում է վկայաբերականության կարգով:

Խոսքի այս երկու` հաղորդակցական եւ վերաբերողական, կողմերով են պայմանավորվում նախադասության անդամների դերերը եւ նրանց խմբավորումը, ինչպես նաեւ արտանախադասական ձեւույթները:

Թվենք նախադասության անդամներն ըստ դերերի, նշանակությունների`

1. ենթակա – առարկայի համարժեք, որը ընդգրկված է հաղորդվող գործողության մեջ,

2. ստորոգյալ – գործողության համարժեք, որի մասին է հաղորդումը,

3. խնդիր – առարկայի ցուցիչ, որը կամ կրում է գործողությունը, կամ անհրաժեշտ է գործողությունն իրականացնելու համար,

4. որոշիչ – հատկանիշ կրող, որ բնութագրում է առարկայի հատկությունը,

5. պարագա - արտահայտում է գործողության տարածաժամանակային եւ կերպային առանձնահատկությունները:

Խոսքում հանդիպում են ձեւույթներ, բառակապակցություններ, որոնք կարելի է համարել արտանախադասական իրույթներ, եթե նախադասություն ասելով հասկանանք միայն պարզ (բացառելով բարդ` համադասական կամ ստորադասական) նախադասությունները`

  1. շաղկապ – նախադասությունների տրամաբանական կապի արտահայտիչ: Օրինակ` Ես կ’գամ տուն եւ Հակոբը ինձ կ’զանգահարի:

  2. եղանակավորող բառեր - արտահայտում են խոսողի վերաբերմունքը նախադասության բովանդակությանը

    1. ձայնարկություններ – արտահայտում են խոսողի վերաբերմունքը կամ հոգեվիճակը: Օրինակ` Վա՜խ, այս ինչ սիրուն ծաղիկ է:

    2. հարցուպատասխանական ((՞) հարցու` պատասխանական), օրինակ` Դուք Համզաչիմա՞ն գնացող ավտոբուսն եք սպասում: Այո (կամ` ոչ, իհարկե, չեմ կարծում, չէի ասի, համոզված չեմ, ևն)

  3. լսողի (ավելի ընդհանուր դեպքում` լսարանի) ուշադրությունը հայթայթող կոչական-դիմողական բառակապակցություն, որն ընդհանուր դեպքում կազմվում է ձայնարկությունից եւ կոչական հոլովով վերցված գոյականից (հիմնականում` անձնական), օրինակ` Այ Արամ, կամ շաղկապված գոյական բառակապակցություններից, օրինակ` սիրելի բարեկամներ եւ հարգարժան հյուրեր

  4. հաղորդման մասին վկայաբերական տեղեկություններ, որոնք կարող են արտահայտվել քերականական կամ իմացական միջոցներով: Օրինակ` Ասում են, լավություն արա, ջուրը գցիր: Լսել եմ, որ Պելեն վաղը Զվարթնոց է գնալու:

 
 
 

Recent Posts

See All
Թվական

Այստեղ քա­ռա­կու­սի փա­կագ­ծե­րում տրվում են (Բար­սե­ղյան, 1980) է­ջե­րը: Մեջ­բե­րում­նե­րը չա­կեր­տա­վոր­ված չեն: Բնագ­րից տար­բեր­վող խմբագ­րում­նե­րը եւ փո­փո­խում­նե­րը` հե­ռա­ում­նե­րը կար­ճեց­նե

 
 
 
Ձայնարկություն

Տե­սու­թյուն Ստո­րեւ բեր­ված մեջ­բե­րում­ները (Բար­սե­ղյան, 1980) հա­մա­պա­տաս­խան է­ջե­րով նվիր­ված են ձայ­նար­կու­թյուննե­րի քննարկ­մա­նը: *** Քաղ­վածք­ներ Ձայ­նար­կու­թյուն­ներ Հու­զա­կան է դառ­նու

 
 
 
Շաղ­կապ

Տե­սու­թյուն Ինչ­պես եւ թվա­կա­նի դեպ­քում, քե­րա­կա­նա­կան շաղ­կապ­նե­րի խոս­քի­մա­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյու­նը սկսենք շա­րա­հյու­սու­թյու­նից: Ինչ­պես ե­րե­ւում է ստո­րեւ բեր­ված (Բար­սե­ղյան, 1

 
 
 

Comments


bottom of page