top of page

Բազմիմաստություն

aramhayr

Updated: Jul 23, 2023


Բազմիմաստություն

«Այն երևույթը, երբ լեզվական մեկ ձևով արտահայտվում է մի քանի միմյանց հետ առնչվող իմաստ, կոչվում է բազմիմաստություն, երբ բոլորովին տարբեր իմաստներ, կոչվում է համանունություն: Իսկ այն երևույթը, երբ տարբեր լեզվական ձևերով արտահայտվում է մեկ ընդհանուր իմաստ, կոչվում է հոմանիշություն» [Առա1979::193]: Ձեւի եւ իմաստի բազմակիության իրար հակառակ այս հարաբերությունները բարդացնում են բնական խոսքի վերլուծությունը, հատկապես, երբ առանձին վերցված բառաձեւն է դիտարկվում:

Երբ բազմիմաստությունը համակարգ բնույթի է, այսինքն՝ հատուկ է քերականական մի երեւույթի կամ դասի, այլ ոչ թե անհատ մի նշանի, այն չտարբերակվածություն է կոչվում:

Հոմանիշությունն առանձնապես վերլուծական բարդություն չի ներկայացնում: Վերլուծման խնդիրները բարդանում են բազմիմաստության եւ, հատկապես, չտարբերակվածության երեւույթների պատճառով:

Բազմիմաստությանը եւ հոմանիշությանը զուգահեռ կա բառաձեւի վերլուծման մի այլ բնույթի անմիանշանակություն, որը պայմանավորված է բառակազմական ձեւույթների սահմանների աղոտությամբ:

Հոմանիշություն

Հոմանիշները ձեւով տարբեր, իմաստով մոտ ձեւույթներ, բառաձեւեր կամ բառակապակցություններ են։ Ըստ իմաստի նույնականության աստիճանի՝ լինում են երկու տարատեսակի՝ նույնանիշներ եւ համանիշներ։ Հոմանիշների օրինակներ են [Առա1979::201-208]`

  1. նույնանիշ բառեր`

    1. նույն իմաստը եւ նույն գործառությունն ունեցող բառեր՝ արեւ - արեգակ, քաջ - արիխիզախ.

    2. նույն իմաստը, բայց տարբեր գործառությունն ունեցող բառեր՝ այտ-թուշ, թագավոր-արքա.

  2. համանիշ բառերը խմբավորվում են`

    1. ըստ գործառության`

      1. տարբեր ոճերի պատկանող` անխելք, հիմար, դմբո, սարսաղ.

      2. լեզվի տարբեր շերտերին պատկանող` դաժան, անգութ, անսիրտ, անողորմ, անագորույն, դժնի, դժնդակ.

    2. ըստ իմաստային սաստկության` նեղանալ, զայրանալ, բարկանալ, չարանալ, կատաղել, փրփրել, դիվոտել.

    3. ըստ հուզաարտահայտչական եղանակների` ուտել, խժռել, լափել, փորը լցնել, զխտկվել.

    4. ըստ կազմության`

      1. բառային (պարզ, համադրական, հարադրական բառերը ներառյալ)` ձանձրացնել, գլուխը տանել, համը հանել.

      2. բառադարձվածային՝ հաջողվել - գլուխ գալ.

      3. դարձվածային՝ մի ձեռքը ծափ չի տա, մի ծաղկով գարուն չի գա, մի ծիծեռնակ գարուն չի բերի.

Հոմանիշ կարող են լինել կառուցվածքի բաղադրիչները` ձեւույթները, եւ բաղադրիչների համադրությունները (քերականական կառուցվածքները)`

  1. ածանցները՝

    1. ածականի աստիճանականությունն արտահայտող` –գույն, - ամենա- ամենաբարձր, բարձրագույն.

    2. գոյականի հոգնակի թիվ կառուցող` -ներ, -եր, ևն (տե՛ս Ուղղական հոլով հատվածի Հոգնակի թիվ ենթահատվածը).

    3. տրական հոլովի` -ի, -ու, ևն (տե՛ս Տրական հոլով հատվածը).

    4. բացառական հոլովի -ից եւ ածականակերտ –ե` փայտ-ից, փայտ-ե (հոլովային ձեւը գործառական սահմանափակում չ’ունի, մինչդեռ փայտե տարբերակը չի կարող խնդրի դեր կատարել` պատրաստված փայտից).

    5. պատճառական, համընթացական եւ վաղակատար վերջածանցի եւ –ուցիչ ածանցի հաջորդականությունը` հոգն-եցն-ող, հոգն-եց-ուցիչ. արագ-ացն-ող, արագ-աց-ուցիչ.

    6. Բառակազմական-իմաստային` -ակ, -իկ, -ուկ նվազական-փաղաքշական ածանցները.

  2. 2. բառաձեւային՝

    1. կանգնած եմ - կանգնել եմ.

    2. գրելու եմ - պիտի գրեմ, նկատելի է - նկատվում է.

  3. բառակապակցական (նույն իմաստը` տարբեր հոլովաձեւեր)՝

    1. սեղանին (տրական) - սեղանի վրա [սեռական + կապ (մակբայ)].

    2. դարակում (ներգոյական) – դարակի մեջ [սեռական + կապ (մակբայ)].

    3. ընկերներով (գործիական ) – ընկերների հետ (սեռական + կապ)։

Համանունություն

«Համանունների շարքերը կազմված են երկու, երեք, չորս և երբեմն էլ հինգ կամ վեց բառերից. օրինակ` բութ (բթամիտ) և բութ (քերակ. կետադրանական նշան). փող (դրամ), փող (խողովակ), փող (վիզ, պարանոց). ակ (թանկագին քար), ակ (ակունք), ակ (անիվ), ակ (թոնրի օդանցք), ակ (հեղուկ կերակուրի մեջ գցվող ձավարեղեն, հատիկներ) և այլն» [Առա1979::210]:

Համանուններն առաջանում են բազմիմաստ բառերի իմաստների հեռացման կամ տրոհման, ինչպես նաեւ պատահական զուգադիպությունների հետեւանքով` լեռնապար - լեռների պար կամ լեռնային ապար [Առա1979::210]: Լեզվաբանները տարբերում են համանունների հետեւալ ձեւերը [Առա1979::211-214]`

  1. լրիվ, երբ նույնական են բառաձեւի ե՛ւ ուղիղ, ե՛ւ բոլոր թեք ձեւերը, օրինակ` ափ, ժամ, լեռնապար

  2. մասնակի, երբ բառերը պատկանում են տարբեր խոսքի մասերի, նույնական են բառի ուղիղ, բայց տարբեր ` թեքական ձեւերում. օրինակ` ավել` գոյական (իր) կամ մակբայ, համար` գոյական (թիվ) կամ կապ

  3. խառը, երբ համանուն շարքի բառերը միմյանց նկատմամբ գտնվում են ե՛ւ լրիվ, ե՛ւ մասնակի համանունական հարաբերության մեջ. օրինակ` բուն` արմատ (գոյական), բույն(գոյական), իսկական (ածական)[AA1]

Համանունությունը բնորոշ է ոչ միայն լիարժեք բառերին, այլեւ ոչ ինքնուրույն ձեւույթներին` պարզ հիմքերին, ածանցներին:

Քանի որ ածանցների դեպքում խոսքը համանուն գործառույթների մասին է, ապա սա չտարբերակվածություն է: Թվարկենք նույնանուն իրույթները՝ որպես մասնակի համանունության (չտարբերակվածության) ենթատեսակներից մեկը: Քանի որ համարյա բոլոր այսպիսի իրույթները կազմված են նույնանուն ածանցներով, այս թվարկումը կ’հանդիսանա նաեւ չտարբերակվող ածանցների ցուցակ (նույնանուն ածանցների մեծամասնությունը բերված է Դ5.1 աղյուսակում):

Նույնանուն իրույթներն են`

  1. անորոշ եւ վաղակատար դերբայները` սկսեց նստ-ել, նստ-ել էի (-ել վերջածանց).

  2. անորոշ դերբայի սեռական եւ կատարելի դերբայի ձեւերը` գնալ-ու համար, գնալ-ու եմ (-ու վերջածանց).

  3. դրական ըղձական ապառնի, III դեմք, եզակի եւ ժխտական դերբայի ձեւերը` պիտի տնկի, չի տնկի: Որոշ արմատների համար նաեւ ուղղականի (տնկ-ի) կամ սեռական (կար-ի) ձեւը, օրինակ` ( վերջածանց).

  4. գոյականի հոգնակի եւ ըղձական անցյալի, III դեմք, եզակի դերբայի ձեւերը` երգ-եր գրեց, պիտի երգ-եր (-եր վերջածանց).

  5. գոյականի ներգոյական հոլովի եւ անկատար դերբայի ձեւերը` առաջին ունկնդր-ում, նա ունկնդր-ում էր (-ում վերջածանց).

  6. հոմանիշ բայերը կարող են խոնարհման նույնանուն ձեւեր ունենալ: Օրինակ` բանալ բայի այն ձեւույթները, որոնք կատարյալ հիմք են պահանջում` վաղակատար, նախընթացական, ևն (աղյուսակ Գ8.1), նույն են բացել բայի համար: Նման նույնանուն ձեւույթների լեմմավորումը խնդիր է առաջացնում. այդ ձեւերի համար պետք է երկու լեմմա նշել.

  7. ային– ա. ածականակերտ` փող-ային, խաղ-ային (խաղ-ային իրավիճակ) եւ բ. դերբայակերտ` խաղ-ային (պիտի խաղ-ային) (-ային վերջածանց).

  8. երկու` կարենալ եւ կարել բայերի համընթացական կար-ող ձեւը (-ող վերջածանց) [ToDo: կար-եց-ո՞ղ, կար-ող-ան-ա՞լ].

  9. սեռականի եւ տրականի ստացական հոդ ունեցող ձեւերը (տե՛ս Ձեւաբանության ամփոփում հատվածի Հոլովում ենթահատվածը).

  10. իր ներկայացնող գոյականների հայցական եւ ուղղական հոլովաձեւերը (ածանցազուրկ).

  11. անձ ներկայացնող գոյականների հայցական-տրական հոլովաձեւերը (տրականի վերջածանցները).

  12. ածական եւ հոդավոր գոյական` հորդ (առատ) եւ հոր-դ:

Համանուն ածանցներ, որոնք կազմում են ոչ համանուն խոսքի մասեր կամ իրույթներ`

  1. ի -ածականակերտ` աղ-ի, ուղղական հոլով` ուղ-ի.

  2. ան - ա. տրական հոլովի (առմ-ան) եւ բ. անցյալ կատարյալ դերբայի վերջածանց (օրինակ` տես-ան).

  3. անք - ա. անձանց խմբերի հոգնակի` Մեժլում-անք, ոմ-անք եւ բ. բայահիմքերից եզակի` գոյականակերտ (դերանվանակերտ) վերջածանց, ինչպես նաեւ գ. անցյալ կատարյալի (I դեմք, հոգնակի)` մեծան-անք, բայաձեւ սերող վերջածանց:

  4. իք - ա. գոյականի` գործ-իք, բ. ապառնի դերբայի` տանել-իք եւ գ. անցյալ կատարյալի (II դեմք, հոգնակի) վերջածանց (գործեց-իք).

  5. իկ – ա. հոգնակի` մարդ-իկ, բ. նվազական` հայր-իկ (գոյական), գ. փաղաքշական` քաղցր-իկ (ածական), դ. գործողական` ռազմ-իկ, ե. հատկություն` անառ-իկ ածականակերտ.

  6. ում – ա. ուղղական հոլովի (օրինակ` անվանում), բ. անկատար դերբայի (անվանում) եւ գ. ներգոյական հոլովի (օրինակ` նկարում) վերջածանց:

  7. ա– ա. տրական հոլովում` աղջկ-ա եւ բ. անցյալ կատարյալ` եկ-ա (I դեմք, եզակի)։

  8. ախ – ա. մակբայակերտ` հաճախ եւ բ. գոյականակերտ` շաղախ.

  9. ուց – ա. մակբայակերտ` մանկուց եւ բ. գոյականակերտ` սպիտակուց.

  10. գույն – ա. բարդ հիմքի բաղադրիչ` նարնջագույն, բ. ածականակերտ` մեծագույն

  11. անի – գոյական` նամակ-անի, ածական` երկերես-անի

Նույնանուն արմատական, պարզ հիմքերի իմաստային տարբերությունը որոշվում է ածանցների օգնությամբ`

  1. գն- պարզ հիմքը գնել ու գնալ բառարանային տարիմաստ ձեւերի արմատն է

  2. կար- պարզ հիմքը կարենալ ու կարել բառարանային տարիմաստ ձեւերի արմատն է

Նույնանուն բառաձեւերի օրինակներ են`

  1. արի – ածական, բայի հրամայական եղանակի ձեւ

  2. պատում – գոյական` բանավոր խոսք, անկատար դերբայ` պատել բայի [ՀԲԲ1969::4.184], ներգոյական հոլովաձեւ` պատ բառի

  3. հավելված – գոյական, նախընթացական դերբայ

  4. տան – սեռական հոլովաձեւ (տուն) եւ ապառնի ըղձական եղանակի 3-րդ դեմքի հոգնակի բայաձեւը (տալ)

Անմիանշանակ վերլուծում

Անմիանշանակությունները կարելի է տեսակավորել հետեւյալ ձեւով`

  1. միեւնույն բառաձեւը կարելի է ներկայացնել տարբեր ձեւույթների համակցություններով: Բերված օրինակները չեն ծածկում բոլոր դեպքերը (նույնիսկ ոչ մեծամասնությունը): Այս ցանկի նպատակն է ցուցադրել այս տեսակի անմիանշանակության բազմազանությունը`

    1. ն - [ն] – տուն - տու-ն (տու ծառ). ծնունդ, նամուս - բառավերջի գրույթները հոդեր չեն.

    2. ներ - [ն,եր] –տ-ներ - տն-եր (Դիտարկում. հայերենում չ’կան ձայնավոր չ’ունեցող անվանական հիմքեր, եթե ը-ն ձայնավոր համարենք: Այս օրինակը զուտ ձեւական է).

    3. [ա]կան - [[ա]կ,ա,ն]Աբական - Աբ-ական - Աբակ-ան - Աբակա-ն (Հանրապետության մայրաքաղաք). Սրետենկա-ն - Սրետենկ-ան - Սրետեն-կան (Սրետենկա փողոց Մոսկվայում). տեսակ-ան-ի (ուղղական) – տես-ական-ի (գոյականորեն գործածվող բառի տրական).

    4. արան - [ար,ա,ն] – Անկարա-ն - Անկ-արան - Անկար-ան – Անկարան.

    5. եի - [ե,ի] – Մոնե-ի - Մոն-եի (Ֆրանսիացի նկարիչ).

    6. ան - [յ,ա,ն] – Ալտա-յան - Ալտայ-ան - Ալտայա-ն (Ալտայ երկրամասին հատուկ).

    7. վան - [վա,ն] – Օկինավա-ն - Օկին-ա-վան (ճապոնական Օկինավա կղզի),

    8. արեն - [արե,ն] – մատակար-արեն - մատակարար-են - մատակարարե-ն, Պուանկ-արեն, Պուանկար-են, Պուանկարե-ն.

    9. ության - [ութ,յան] – ալե-ության - ալեութ-յան - ալեությա-ն (նաեւ` բեյրության).

    10. ային - [այի,ն] - Հավային (Հավայի նահանգի անվան հոդառում` Հավային ԱՄՆ-ի ամենայուրօրինակ նահանգներից է) – Հավ-ային, Հավայի-ն (Դիտարկում. Հովային ավելի ճիշտ տառադարձություն է թվում).

    11. ենի - [են,ի] – հայր-ենի (թթ-ենի), հայրեն-ի, հայրենի.

    12. իք - [ի,ք] – հայրենի-ք.

    13. անցավան-ցավ - անց-ավ` մակբայակերտ կամ անցյալ կատարյալ, 3-րդ դեմքի –ավ ածանց: Սրանք համանուններ են` առանց ցավի (մակբայ) եւ անցնել բայի ձեւ.

    14. վերջ - վեր-ջ` նախածանցը պարունակում է պարզ հիմքում (տե՛ս Դիտարկումը 1b կետում).

    15. անտառ - ան-տառ` նախածանցը պարունակվում է պարզ հիմքում (վիճելի համանուն է` տառ չ’ունեցող).

    16. տեսականի – տեսական-ի (գոյականաբար օգտագործվող ածական), տեսակ-անի (գոյական).

    17. լեռնապար – լեռն-ա-պար, լեռն-ապար, ճիշտ տրոհումը կարելի կատարել միայն նախադասության կոնտեքստը (իմաստը) վերլուծելով.

  2. 2. արմատային հիմքերի օրինակներ, որոնք պարունակում են վերջածանցներ`

    1. կարմիր (իր-ն այստեղ հրամայական եղանակի 2-րդ դեմքի կամ անցյալ կատարյալ ձեւի վերջածանց չէ), դ-արան.

    2. օտար լեզուներից վերցված բառերում եւ, մանավանդ, տեղանուններում կամ, առհասարակ, անվանումներում նման դեպքերն ավելի բազմազան են՝ համբուրգ-եր, Աբ-ական (քաղաք, Խակասիա), Լայբն-ից (փիլիսոփա , մաթեմատիկոս), Մերկ-ել (Գերմանիայի Դաշնային կանցլեր), Մազանդ-արան (մարզ, Պարսկաստան), Խարկ-ով (քաղաք, Ուկրաինա), Ռոզենկր-անց (կերպար, Համլետից), Հեր–ալ–դ (Լրագիր. հմմտ. մուր–ալ–դ), ևն։

Շարահյուսական անմինշանակություն (երկիմաստություն)

[ToDo: հետազոտել] «Նա գնդակով մարդուն հարվածեց:» [արդյոք սա արհետական օրինակ չէ հայերենի համար: Անգլերենին հատուկ երկիմաստությունների վերլոպւծությունը տես` Coping with syntactic ambiguity.

--

[Առա1979] Վ. Դ. Առաքելյան, Ա. Հ. Խաչատրյան, Ս. Ա. Էլոյան. Ժամանակակից հայոց լե­զու. Հատոր 1, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակություն, Ե., 1979։

 
 
 

Recent Posts

See All

Լեզվական էվոլյուցիա

Տեսություն Լեզվաբանությանը առնչվող հերթական մի հատոր կարդալու ժամանակ պահանջ զգացի մեկ անգամ եւս անդրադառնալու լեզու, խոսք, մշակութային...

Comments


bottom of page