Հոլովի, ինչպես եւ քերականական այլ կարգերի ըմբռնումը միանշանակ չէ: Վեճերի առիթ են տալիս ոչ միայն հոլովների քանակը` [Ջահ1969], [Ջահ1974], [Աբր1974], [Meg1998], [Մար2000], բառաձեւի այս կամ այլ հոլովի պատկանելությունը, այլ նաեւ հոլովի` որպես կարգի, գոյությունը [Ili2007]:
Հոլով հասկացությունը քննարկվել է հնուց: Դիոնիսիոս Թրակացին (հուն. Διονύσιος ὁ Θρᾷξ, 170–90 մ.թ.ա) հունարեն գոյականների համար տարբերում էր 3 սեռ` արական, իգական, չեզոք, եւ 5 հոլովային վերջավորություն: Արիստոտելը (հուն. Αριστοτέλης, 384 – 322 մ.թ.ա) «հոլովում» է անվանել անվան ձեւափոխությունները, հոգնակիությունը, ինչպես նաեւ բայերի խոնարհումը: Կոչականը եւ որոշյալությունը նույնպես համարվել են հոլովական ձեւափոխություններ: «Վեճի առարկա է` արդյոք հոլովը ձեւաբանական, շարահյուսական, ձեւա-շարահյուսական, թե կառուցվածքային կարգ է» [Ili2007::11]:
«Հոլովը, բառերի առդրության եւ համաձայնության հետ զուգահեռ, հաճախ դիտարկվում է որպես քերականական հարաբերություն արտահայտող միջոցներից մեկը, մինչդեռ այս երեք քերականական երեւույթների հարաբերությունը շատ ավելի բարդ է: Այս երեւույթները մասամբ հատվող գործառություն ունեն, բայց նրանք նաեւ ունեն կիրառման երեք յուրահատուկ ոլորտներ: Այսպես, առդրության ընդհանրական գործառությունը տեղեկատվության կառուցվածքի արտահայտումն է, սակայն որոշ դեպքերում այն կարող է օգտագործվել ենթական խնդրից միանշանակորեն տարբերելու համար եւ այսպիսով մրցակցել հոլովի հետ» [Mal2018]:
Ավանդական քերականությունը հոլովների համակարգը դիտարկում է որպես բառաձեւի փոփոխակ` թեքույթ, որն արտահայտում է առարկայի (լայն իմաստով) հարաբերությունն այլ առարկաների հետ: «Հոլովը ավանդական քերականության մեջ, որը հիմնված էր եւ այժմ էլ հիմնվում է դասական հունարենի եւ լատիներենի, իսկ ավելի ուշ՝ ժամանակակից հնդեւրոպական լեզուների ուսումնասիրության եւ դասավանդման վրա, դիտարկվել է, որպես մի կարգ, որը որոշվում է բառաձեւի փոփոխակների միջոցով եւ կապված է այդ փոփոխակների հետ: Այն գոյականների գործառական հատկություն է: Ենթական վերցվում է անվանական հոլովով, կոչականը` կոչական հոլովով, ուղիղ խնդիրը` հայցականով, ստացականությունն արտահայտվում է սեռականով, ստացողը (շահողը) կամ գործողություն կրողը արտահայտվում է տրականով, ուղղությունն արտահայտվում է բացառականով» [Ili2007::11]:
Տարբեր լեզուների հոլովման համակարգի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց է տալիս, որ հոլովաձեւերն արտահայտում են ե՛ւ քերականական, ե՛ւ գոյաբանական (իմացական, թեմայական, ռեմայական) հարաբերություններ, որոնք համապատասխանաբար ունեն արտահայտության եւ բովանդակության պլաններին հատուկ իմաստներ: Սա հաշվի առնելով՝ հոլովները բաժանվեցին երկու խմբերի` քերականական եւ իմացական: Առաջին խմբում ընդգրկվեցին այն հոլովները, որոնցով որոշվում են նախադասության անդամների հարաբերությունները, պաշտոնները, իսկ երկրորդում` առարկաների տարածաժամանակային կամ գոյաբանական հարաբերությունները: Առաջինների օրինակներ են հայերենի ուղղականն ու հայցականը, իսկ երկրորդների` գործիականն ու ներգոյականը: Կարելի է ասել, որ քերականական հոլովներն արտահայտության պլանի հոլովներ են, իսկ իմացականները` բովանդակության: Սակայն այս, ինչպես եւ մյուս քերականական երեւույթների դեպքում, խնդիրներ են առաջանում այն պատճառով, որ պլանները ընդհանուր առմամբ հնարավոր չէ հստակորեն առանձնացնել:
Հոլովային երկու խմբերի մոտեցման հետեւորդները հոլովների համակարգը դիտարկում են ոչ թե որպես բառաձեւի թեքույթների հարացույց, այլ բառերի իմացական հարաբերությունների արտահայտման միջոց: «Նախադասության իմաստը նրանք ներկայացնում են որպես իմաստաբանական արժույթների համակարգ: Քերականական եւ իմացական հարաբերությունները համարվում են ընդհանրական: Բայի իմաստով պայմանավորվում են դերերը: «Տալ» բայը, օրինակ, պահանջում է տվող անձի (գործողի) հոլով, հասցեատիրոջ (ստացողի) եւ այն առարկայի, որը տրվում է» [Ili2007::15]:
Այսպիսով, նախադասության քերականական անդամների` ենթակայի, ստորոգյալի, խնդրի, ևն հետ զուգահեռ, դիտարկվում են իմաստային անդամներ (պաշտոններ)` գործող, կրող, ևն (տե՛ս աղյուսակ Ե1.1):
Սակայն գործող, ստացող, գործիք (տալ բայի դեպքում տրվող առարկան) արտահայտող բառաձեւերը կարող են նույնանալ մի որեւէ այլ պաշտոն կրող բառաձեւի հետ (ինչպես հայերենում տեղի է ունենում ուղղական-հայցական կամ տրական-հայցական զույգերի դեպքում): Հոլովներին, ինչպես եւ մյուս քերականական կարգերին հատուկ են չտարբերակվածությունը, բազմիմաստությունը:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ տարբեր լեզուներում հոլովների հոմանիշությունը եւ չտարբերակվածությունը տարբեր են:
«Ավանդական տեսակետի համաձայն հոլովի որոշման հինական ցուցանիշը բառի վերջավորությունն է: Օրինակ` господь дома - «տան տերը» դեպքում ընդունված է, որ дома սեռականով (ստացականություն) է դրված, իսկ господь дому - «տանը տեր»` տրականով (ստացականություն): господь дома եւ господь дому հարադրությունները բառ-թեքույթ չափանիշի տարբեր ձեւերով են կառուցված (որպես սեռական-ստացական եւ տրական-ստացական): Սակայն հարաբերությունը նույնն է, չնայած որ ավանդական քերականությունը դասում է սրանք որպես տարբեր հոլովներ: Ահա թե ինչու, եթե համարենք ստացականությունը հոլով, այլ ոչ թե առանձին կարգ, ապա ավելի ճիշտ է խոսել մեկ ստացական հոլովի (արտահայտված երկու ձեւով), այլ ոչ թե «սեռականի եւ տրականի մրցակցության» մասին» [Ili2007::51]:
Պատահական չէ, որ տրական-սեռական հոլովների հակադրության խնդիրը հատուկ է տարբեր լեզուներին եւ, մասնավորապես, նաեւ հունգարերենին. «սեռական եւ տրական հոլովների նույնացման պատճառն այն է, որ տրականը կարող է ոչ միայն անուղղակի խնդիր, այլ նաեւ ստացողին նշանակել» [Meg1998]:
Սեռական հոլովը գերազանցապես որոշչային (ստացական), ստատիկ, գործողության հետ չ’առնչվող հատկանիշ է արտահայտում: Այն ստանալու, տրամաբանական հանգման արդյունք է հատկանշում: Տրականը ստանալու գործողության մասնակից` ստացող, իրի հարաբերությունն է հատկանշում: Այս երկու իմաստները հաճախ նույնանուն հոլովաձեւերով են արտահայտվում: Տարբերակումը իմաստային-շարահյուսական է` մոտեցա շանս, շանս թաթը:
Սլավոնական եւ բալթյան մի շարք լեզուներում հին հնդեւրոպական սեռականի եւ բացառականի դերերն ու նշանակությունները միաձուլվել են ժամանակակից սեռականում: Ժամանակակից արեւելահայերենի սեռականն արտահայտում է ստացականություն ու ծագում եւ գործածվում է որպես մի այլ գոյականի որոշիչ:
Հայերենի սեռական-տրական, հայցական-տրական, հայցական-ուղղական հոլովների գոյության (տարբերակման կամ նույնացման) խնդիրների քննարկումը տես [Ջահ1969::121, հետո Քերականական արտահայտության միջոցները` 122-131, 131-194], [Ջահ1974::200, 468], [Աբր1974::57-67], [Մար2000]: Սրանց համանման խնդիրներ կան մյուս լեզուներում, մասնավորապես` ռուսերենում [Մար2000]:
Ավանդական տեսակետի համաձայն հոլովի կարգն արտահայտվում է հիմքի ձեւափոխությամբ եւ/կամ ածանցներով: Որոշ հոլովաձեւեր կառուցվում են կապերի օգնությամբ՝ կազմելով վերլուծական հոլովաձեւեր: Այդ հոլովաձեւերին նախադասության կազմում համապատասխանում են պաշտոններ, ինչպես նաեւ այդ պաշտոնները կրող առարկաների գոյաբանական հարաբերություններ:
համադրական հոլովական թերի հարացույց ունեցող լեզուներում, օրինակ` անգլերենում, հոլովային իմաստներն արտահայտվում են գոյականի լեմմայի եւ կապի հարադրությամբ (աղյուսակ Ե1.1 Միասնական հոլովաձեւերի արտապատկերում): Այդպիսի վերլուծական Ձեւաշարակարգային հոլովների օգնությամբ համաձայնեցվում են նախադասության անդամները:
Քանի որ մենք ժամանակի տեւողության եւ այլ մեծությունների (օրինակ` ջերմության) չափումներն արտապատկերում ենք տարածական հատվածների վրա, ապա զարմանալի չէ, որ հոլովման հարացույցում ոչ տարածական եւ տարածական մեծությունների հարաբերությունները միանման են արտահայտվում: Օրինակ` մեկ օր-ից կգնամ Երեւան, Կարս-ից կգնամ Երեւան կամ երկու ժամ-ում կավարտեմ նամակը, նամակը կավարտեմ գրասենյակ-ում: Այս հարաբերությունները հատուկ են մեկ, երկու եւ երեք չափեր ունեցող տարածական ծավալներին: Ժամանակի կամ ջերմության փոփոխությունն ընկալվում է որպես միաչափ տարածական ծավալով, այսինքն՝ ուղիղ գծով, շարժում: Ըստ որում ենթահատվածները նշանակվում են հատուկ անուններով, իսկ դիրքերը (կետերը)՝ թվային (ռադիան) նշաններով: Հատուկ անվանումների օրինակներ են` շուտ/ուշ (ժամանակ. նաեւ հեռու, մոտ տարածական անվանումներից փոխառված), տաք/սառը (ջերմություն. նաեւ բարձր, ցածր տարածական անվանումներից փոխառված), ծանր/թեթեւ (կշիռ):
Եռաչափ տարածական հարաբերությունների բազմությունները հիմնականում ծածկում են մյուս չափերինը:
Հոլովների մեծամասնությունը ցույց է տալիս շարժման կամ գործողության (ձեւափոխության) ուղղվածությունը, ինչպես նաեւ գոյա-տրամաբանական հարաբերություններ` նմանություն, պատճառականություն, նպատակաուղղվածություն, ևն:
Հոլովային իմաստը ձեւավորվում է` ա. բառաձեւի թեքումով (կան լեզուներ` հունգարերեն, ֆիններեն, որոնցում կապեր չկան), բ. կապով [կան լեզուներ` չինական խումբ, որտեղ բառերը չեն թեքվում (սա պետք է պայմանական համարել, քանի որ որոշ բազմավանկ կառույցներ կարելի է հարադրական իմաստույթ համարել) եւ, հետեւաբար, ձեւաբանական հասկացություններ չկան], գ. այս երկու միջոցների զուգահեռ գործածությամբ:
Հոլովային իմաստի այս երեք արտահայտությունները միավորվում են իմաստույթների ընդհանրական հարացույցում, որտեղ տարբերություն չի դրվում համակից եւ համադիր ձեւերի միջեւ:
Քերականական կարգերը դժվար է սահմանել: Գրականության մեջ սրանք ոչ թե սահմանվում են, այլ նկարագրվում եւ բացատրվում են: Հոլովների խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ, ընդունելով հնդեւրոպական` սանսկրիտի, [հին] հունարենի, լատիներենի ևն, հոլովների դասական համակարգերը որպես հիմք, քերականները «դասավորում» են որեւէ բարբառի (լեզվի) «բնական» հոլովաձեւերը դասականներում: Բացի այդ հոլովների դասական անվանումները լեզվից լեզու թարգմանվելիս խեղաթյուրվել են: Այս ամենը բերել է նրան, որ ժամանակակից հոլովների անվանումները հաճախ չեն համապատասխանում արտահայտվող իմաստներին:
Սրանք խնդրի բարդացման սոսկ սուբյեկտիվ պատճառներ են, իսկ օբյեկտիվ պատճառը հոլովաձեւի բազմիմաստությունն է:
Հոլովը սովորաբար հյուլեական հարաբերությունների բաղադրություն է: Օրինակ` բացառական հոլովը կարող է արտահայտել՝ ա. տարածական սկզբնակետ (դպրոցից գնացի տուն), բ. ներսից դուրս ուղղության (դուրս եկա շենքից), գ. անջատման (բաստուրմայից կտրեցի), դ. ժամանակային սկզբնակետ (առավոտից սկսեցինք խմել), ե. աղբյուրի (բամբասել Կարապետից), զ. բացառման (Երեմից բացի), է. որակի (սատինից անդրավարտիք), ը. պատճառի (ամոթից կարմրեցի), թ. ևն (Երեմը Փավստոսից բոյով է) հարաբերություններ: Բերված օրինակներին կարելի է այլ հարաբերություններ հատկացնել` դպրոցից հոլովաձեւը կարելի է հեռացման ուղղություն համարել:
Ռուսերենում այս իմաստները արտահայտվում են հայցական հոլովով (եւ նախադրություններով): Ուրալյան լեզուներում հայերեն բացառականի հարաբերությունները արտահայտվում են նաեւ այլ հոլովներով` մեկնարկայական (ա.), ելքական (բ.), մեկնարկայական (դ.):
Գործիականով արտահայտվում են՝ ա. գործիք (ավելով), բ. ընկերակցություն (ընտանիքով), գ. ուղեկցականություն (գլխարկով), դ. միջոց (նամակով), ե. ուղի (անտառով), ևն: Նույնիսկ ընդունելով այն փաստը, որ քերականները վիճում են այս կամ այլ լեզվում այս հոլովների գոյության մասին, դժվար չէ նկատել, որ ավելով, ընտանիքով, գլխարկով, նամակով եւ անտառով բառերը, չնայած ձեւաբանական նույնաբանության, տարբեր հարաբերություններ են արտահայտում:
Սեռական հոլովն արտահայտում է սերման (ծագման) եւ ստացականության իմաստներ` ուռենու տերեւ եւ ուռենու տերեւը: Այլ լեզուներում այս իմաստները կարող են արտահայտվել տարբեր հոլովներով կամ կառույցներով: Կրկին նկատենք, որ սերման եւ ստացականության միջեւ սահմանագիծը դժվար է անցկացնել:
Բարբառի զարգացման (էվոլյուցիայի) ընթացքում որեւէ բառաձեւով արտահայտվող հոլովային իմաստները կարող են փոփոխվել: Տվյալ բառաձեւը կարող է դադարել մի որեւէ հյուլեական հարաբերություն արտահայտելուց կամ հակառակը` սկսել արտահայտելը: Սրա հետեւանքով որեւէ հոլովով արտահայտվող հյուլեական հարաբերությունների բազմությունները փոփոխվում են, հոլովները երկատվում են կամ միավորվում:
Համարյա բոլոր Համադրական լեզուներում հոլովման համակարգի հետ կապված երկու տեսակի խնդիրներ կան. հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ` ա. քանի՞ հոլով կա լեզվում եւ բ. որոշ դեպքերում ո՞ր հոլովով է առնված այս կամ այն բառաձեւը:
Նման խնդիրների ենք հանդիպում նաեւ այլ կարգերի դեպքում:
Comments