top of page
aramhayr

Ձեւաբանական տվյալների վերլուծություն


Ձեւաբանական տվյալների (Տեղեկատվական Հավելված Ա, Բ, եւ Գ) վերլուծությունը ցույց տվեց, որ կանոնավոր ձեւափոխությունները շատ չեն ո՛չ հոլովման, ո՛չ էլ խոնարհման համակարգերում: Խոնարհման համակարգն ավելի պարզ (կանոնավոր) է թվում: Համեմատաբար պարզ եւ կանոնավոր են ածականի եւ թվականի հոլովման հարացույցները: Սրանց հոլովաձեւերը կարելի է պարզ բանաձեւերով նկարագրել եւ պարզ ալգորիթմերով սերել:

Հոլովման եւ խոնարհման համակարգերը վերլուծելիս տեսանք նաեւ, որ մի բառաձեւը մյուսից կարող է կազմվել մի պարզ գործողությամբ՝ նշաններ հեռացնելով կամ ավելացնելով:

Տեքստային բառաձեւերի կառուցվածքի վերլուծման հիման վրա կազմվեցին բառակերտական եւ ձեւաբանական ածանցների երկու խմբերի ցուցակներ (բառարաններ)` Ա, Բ, Գ հավելվածներում: Առաջին խմբի օգնությամբ ստեղծվում են ուղիղ (բառարանային) բառաձեւեր` գոյական, ածական, մակբայ եւ դերբայ, իսկ երկրորդ` հոլովաձեւեր եւ բայաձեւեր:

Պարզվեց, որ`

  1. չնայած բազմատեսակ անորոշությունների՝ ածանցներով կարելի է բավականին ճիշտ հաշվարկել բառաձեւի խոսքիմասային կարգը եւ իրույթը: Բարդություններ են առաջանում սեռական-տրական, հայցական-ուղղական եւ հայցական-տրական հոլովաձեւերի տարբերակման դեպքում, երբ դիտարկվում է մեկուսացված բառաձեւը.

  2. ածանցների հաջորդականությունը բառի կազմում ենթակա է որոշակի, բայց ոչ հուսալի (հստակ) օրինաչափությունների (տե՛ս Պարզ հիմքեր եւ Ածանցներ հատվածները).

  3. ածականակերտ –ական ածանցը կարող է անմիջականորեն կրկնվել, օրինակ` գաղթականական, գոյականական, մինչդեռ ածականական, քերականական, ինչպես նաեւ բանական, բառերում արմատակից -ական-ն ամրապնդվել է որպես հիմքի անանջատելի մաս [կրկնման մյուս դեպքն է` փոխական հոլովանիշերի շարքը (տե՛ս Հավելված Բ, Հոլովաձեւերի հոլովում հատվածը)].

  4. բայական հիմքերին (աղյուսակներ Գ6.1- 6.2) եւ դերանուններին (Հավելված Բ, Անձնական դերանուններ հատված) հատուկ է տարարմատություն. նույն իմաստը կրող թեքույթները կազմվում են տարբեր հիմքերով:

Բառաձեւերի՝ խոսքի մասերին ստույգ համապատասխանեցումը բարդանում է, քանի որ ընդհանուր դեպքում`

  1. չկա հատկանիշների մի խումբ, որով հնարավոր լինի բառը միանշանակորեն որեւէ մի խոսքի մասի հատկացնել (այսինքն՝ խոսքի մասի ձեւային հատկանիշներ չ’կան).

  2. ձեւաբանական միջոցները` ածանցները, միանշանակ չեն (աղյուսակ Դ5.1).

  3. հատկանիշ (ածական) թե վիճակ (գոյական) կամ վիճակի հատկանիշ (ածական) թե հատկանիշի հատկանիշ (մակբայ) լինելը մի շարք դեպքերում պայմանավորվում է շարահյուսական պաշտոնով:

Ածականների եւ թվականների ձեւերի կառուցումը եւ թեքումը հիմնականում կանոնավոր է եւ համեմատաբար պարզ: Սակայն, ընդհանուր դեպքում ո՛չ անվանական, ո՛չ էլ բայական բառաձեւերի կազմությունը միօրինակ չէ:

Մասնակաղապարների բազմաձեւությունը պայմանավորվում է պատմական, բարբառային, ոճային, իմաստային, ևն, ինչպես նաեւ ձեւաբանական եւ հնչյունաբանական պատճառներով, ինչպես նաեւ «լեզվի մեջ գործող նվազագույն ճիգի և դրան զուգահեռ` հավելուրդայնությունից խուսափելու միտման օրենքների հետ: Երբ լեզվի մեջ միևնույն իմաստն արտահայտվում է մեկից ավելի միջոցներով, ապա առաջանում է դրանցից մեկի ըստ հնարավորին հեռացնելու միտում» [Ջահ1974::228-229]: Մասնակաղապարները, որոնք, ինչ-որ առումով, ընդհանրական կաղապարից բացառություններ են, իրենց հերթին ունեն բացառություններ (տե՛ս օրինաչափությունների քննարկումը նախորդ հատվածներում):

Պարզ [արմատական] հիմքի խոսքիմասային պատկանելությունը օրինաչափ չէ: Եթե խոսքի մասը հատկանշվեր հիմքի մի որեւէ մասով, ապա այն այլեւս պարզ հիմք չէր լինի: Հայերենում ինքնուրույն պարզ հիմքերը կարող են լինել գոյական, ածական, թվական, դերանուն կամ մակբայ: Ոչ-ինքնուրույն պարզ հիմքերը հիմնականում բայահիմքեր են: Այսպիսով, պարզ հիմքերի խոսքիմասային պատկանելությունը պետք է հստակորեն նշվի եզրերի բառարանում:

Ածանցավոր բառաձեւերի խոսքիմասային տեսակը կամ շարահյուսական դերը հիմնականում միանշանակորեն է որոշվում (հաշվարկվում): Բացառություն են կազմում նույնանուն ածանցներով (տե՛ս Նույնանուն ածանցներ Դ5.1 աղյուսակը) կազմված խոսքի մասերը: Բառաձեւի որեւէ խոսքի մասին պատկանելության խնդրի բարդությունը պայմանավորված է ոչ թե վերլուծության մոտեցման թերություններով, այլ բառաձեւերի բնույթով (օրինակ` ձիավոր):

Կերպը, սեռը եւ անցողականությունը (տիպարը) նաեւ պարզ հիմքի հատկանիշներ են: Քերականական կարգերը` հոլովը, հոգնակիությունը, ժամանակը, եղանակը, կերպը, ևն, ինչպես նաեւ հարացուցային ձեւերը, հիմնականում հատկանշվում են ածանցներով: Սակայն այս դեպքում էլ ածանցների համանունությունը բարդացնում է բառակազմական վերլուծության խնդիրը (տե՛ս Նույնանուն ածանցներ Դ5.1 աղյուսակը):

Նույնանուն ածանցների քանակը փոքրացնելու համար պարզ հիմքեր կ’համարենք քարացած եւ գիտակցվող ածանցներով կազմված բառաձեւերը: Այլընտրանքների քանակը կարելի է փոքրացնել ածանցների հաջորդականությունները մեկ ձեւույթ համարելով, օրինակ` Դ5.1 աղյուսակի 7-10 –ա ածանցը միավորելով նախորդի հետ, կստանանք` –անա, -ացա, -ենա:

Անվանական տեքստային ձեւը հատկանշվում է թիվ, հոլով, առկայություն, եւ որոշ չափով դաս արտահայտող վերջածանցներով: Բայի տեքստային ձեւը հատկանշվում է ժամանակ, եղանակ, կերպ, թիվ, դեմք, եւ սեռ նշագրող վերջածանցներով: Ըստ որում «բայական ներհատուկ կարգերը հիմնականում արտահայտվում են հիմքակազմ մասնիկներով, ոչ ներհատուկները` վերջամասնիկներով ու վերջավորություններով: Արտաքնապես բացառություն է կազմում ժամանակի կարգը, սակայն ավելի խորացված քննությունը բացահայտում է ժամանակի երկու դրսևորում` հաջորդականություն եւ իրադրական ժամանակ: Հաջորդականությունը սերտորեն կապված է կերպի հետ և սովորաբար նույնացվում է նրա հետ. այն արտահայտվում է ինքնուրույն գործածություն չունեցող ու փաստորեն հիմքային արժեք ստացած գրում, գրել, գրի (գնում, գնացել, գնա) «դերբայական» ձեւերի միջոցով, և, հետևաբար, հիմքակազմ տարրերի հետ է կապված: Իրադրական ժամանակը իրադրային (որոշյալ) արժեք ունի և կապված է դիմային, այլև, որոշ վերապահությամբ, եղանակային տարբերությունների հետ: Այսպիսով, սեռը, տիպարը, կերպը և հաջորդականությունը հանդես են գալիս նաև անդեմ ձևերի մեջ, մնացած կարգերի` միայն դիմավոր ձևերի մեջ (verbum finitum)» [Ջահ1974::242-244]:

Կարելի է ասել, որ այն բառաձեւերը, որոնք ե՛ւ խոնարհվում են, ե՛ւ հոլովվում, դերբայներ են, իսկ նրանք, որոնք միայն հոլովվում են, անվանական ձեւեր:

  1. «հայերեն բառաձեւ չէ» եւ գնալ Վերջ. այլապես շարունակել:

  2. Նախածանցներ դեզից հանել նախածանցները, շարել աջից ձախ եւ հատկացնել Հիմքատված փոփոխականին: Հիմքատված փոփոխականի արժեքը կ’լինի մուտքային բառաձեւի նախածանցների հաջորդականությունը: Հիմքատված շարքին ձախից ավելացնել Պարզ հիմքը եւ Վերջածանցներ դեզից վերջածանցները՝ ձախից աջ: Արտահանել Հիմքատված փոփոխականը:

  3. Վերջ։

Եթե ընդունենք, որ հիմքերի եւ ածանցների բառարանները լրիվ են եւ Թեկնածու փոփոխականը դատարկ է կամ Նախամասնիկներ եւ Վերջամասնիկներ բազմությունները դատարկ չեն, ապա տրված (մուտքային) տեքստային բառաձեւը հայերեն չէ (ուղղագրական սխալներով է գրված): Սակայն, եթե Թեկնածու փոփոխականը դատարկ չէ, ապա չի կարելի ասել, որ տրված տեքստային բառաձեւը հայերեն է`

  1. Հիմքը կարող է եզրային չ’լինել (ոչ ինքնուրույն հիմք)

  2. Հիմքի եւ ածանցների բազմությունները անհամատեղելի են (օրինակ` կարդ-ություն

Սա նշանակում է, որ հիմքատման հաջող ավարտն անհրաժեշտ պայման է ուղղագրությունը հավաստելու: Բավարար պայմանը ճիշտ հիմքի եւ ճիշտ ածանցների անթույլատրելի համակցությունների բացառումն է:

Այլ կերպ ասած՝ ալգորիթմը կարող է ասել, որ բառաձեւը կազմող բոլոր ձեւույթները ճիշտ են գրված, բայց չի կարող ասել, թե ձեւույթների համակցությունը թույլատրելի է:

Բավարարության պայմանների գերակշռող մեծամասնությունը կարելի է ապահովել՝ ձեւույթից աջ եւ ձախ անմիջականորեն կցվող ձեւույթների բազմությունները սահմանելով (տե՛ս Բ3 եւ Բ23 աղյուսակներում թվարկված ածանցների աջից եւ ձախից թույլատրելի ձեւույթների բազմությունները. ԱԲՔ սահմանափակումների նման): Հայերենում միայն բայական չ- եւ կ- նախամասնիկների կիրառելիությունն է որոշվում բայաձեւերի հիմքով միջնորդված, այլ ոչ թե անմիջական, հարեվան ձեւույթներով (տե՛ս Օրինաչափություններ հատվածը):

--

[Ջահ1974] Գ. Ջահուկյան. Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները. ՀՍՍՀ գիտու­թյուն­ների ակադեմիայի հրատարակչություն, Ե., 1974:

1 view0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page