Եզրույթներ
- aramhayr
- 6 days ago
- 10 min read
Updated: 14 hours ago
Այստեղ բերված են այն եզրույթները, որոնք բացակայում են գրքում կամ անհաջող են ձեւավակերպված այնտեղ:
Անհատկանիշ (անգլ.՝ wildcard) - Հաշվողական գիտություններում (Computer science), ՏՏ-ում գործածվող երկու նշան` '*' (asterisk) եւ '?', որոնք համապատասխանաբար նշանակում են «ցանկացած նշանների ցանկացած եր-կարության հաջորդականություն» եւ «ցանկացած նշան»: Օրինակ` եթե որոնման շարժիչին հայցում տալ եր*կ, այն կվերադարձնի` երեկ, երակ, երջանիկ, երեքնուկ, երեւակ, ևն, բայց եթե տրվում է եր?կ` միայն երկու առաջինը ետ կգան:
Ավտոխտոն – տեղաբնակ. կենդանի, բույս, ևն, որն իր առաջացման օրից գոյատեւում է նույն վայրում
Արգելակիչ (անգլ.՝ inhibitor) - նյութ (կամ բարդ մոլեկուլային կառույց), որը դանդաղեցնում կամ կանխում է որոշակի քիմիական կամ այլ գործընթաց, կամ որը նվազեցնում է որոշակի ռեակտիվ նյութի, կատալիզատորի կամ ֆերմենտի ակտիվությունը:
Աֆազիա (հուն՝ ἀ φάσις, ἀ` ժխտում, φάσις` ասույթ) - խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստ, որը գլխուղեղի կեղեւի որոշակի բաժինների ախտահարման հետեւանք է։
Բնալեզվական պրոցեսներ – լեզվի գոյությունը երեք պրոցեսով է պայմանավորվում` ա) ձեռք բերում, բ) խոսքի արտադրում, եւ գ) խոսքի ընկալում
Գիտելիք – արդարացված ճշմարիտ բացատրելի հավատ
Դերանվանում (անաֆորա [ետհղում], կատաֆորա [առաջհղում]) - քերականական երեւույթ, երբ արտահայտության մեկնաբանությունը կախված է խոսքում ավելի վաղ (անաֆորա) կամ ավելի ուշ (կատաֆորա) խոսքում հայտնվող արտահայտությունից:
Դիմողական կողմնորոշում (addressee orientation) - Զրուցակցին հատկանշող (օրինակ` հասարակական ճանաչումը ընդգծող) քերականական նշագրում, համաձայնեցում: Բնորոշ է, օրինակ, մագահի, մայթիլի եւ այլ աել-հնդկական լեզուներին:
Ետնապլան (անգլ.՝ background) – տեխնիկական հասկացություն մարդու ոչ միտումնավոր հնարավորությունների, կարողությունների, հակումների և տրամադրությունների, որոնք միտումնավոր վիճակներ չեն, բայց պարտադիր են համապատասխան վիճակներ առաջացնելու համար: Դրանք այն հիմքն են կազմում, որը հնարավոր է դարձնում միտումնավորությունը և խոսքի ըմբռնումը: Լեզվական, մշակութային, եւ այլ գիտելիքների եւ հավատների ամբողջությունը մարդու մտքում [Sea1983, Ch. 5]:: Տե՛ս Ցանց:
Էթոլոգիա - կենդանաբանության բաժին, որն ուսումնասիրում է ինչպես կենդանիների վարքագիծը ֆիզիոլոգիական, գենետիկական, հոգեբանական էվոլյուցիաի տեսանկյունից:
Էպիգենետիկ - բջիջների այնպիսի ֆունկցիաներ, որոնք կայունություն են ցուցաբերում առանց ԴՆԹ-ի ներգրավածության:
Իզոգլոս - նույնաբան, զուգաբան՝ գիծ բարբառագիտական քարտեզի վրա, որ ցույց է տալիս առանձին լեզվական երևույթի տարածման սահմանը:
Իմաստույթ [անգլ.՝ lexeme] - քերականական (ձեւաբանական) կանոնների համաձայն՝ կառուցված ձեւույթների համադրություն, որն ունի [գոյաբանական, տրամաբանական] իմաստ եւ կարող է քերականակն դեր կատարել՝ ենթակա, ստորոգյալ, առարկա և այլն: Ավանդաբար՝ բառ: Իմաստույթի եւ բառակապակցության միջեւ սահմանը մշուշոտ է, օրինակ՝ շաղկապների և թվականների դեպքում:։
ԸԹՄ` Ընդհանրական Թյուրինգի մեքենա – վերացական մաթեմատիկական կառույց, որը ալգորիթմի ձեւայնցում է:
Թվաբանական տրամաբանական միավոր (անգլ.՝ Arithmetic Logic Unit, ALU)` ԹՏՄ - համակարգչի ԿՁՄ-ի (տես ստորեւ) ներսում գտնվող հիմնական տրամաբանական ցանցն է, որը կատարում է բոլոր թվաբանական (գումարում, հանում ևն) եւ տրամաբանական (եւ` AND, կամ` OR, կամ...կամ` XOR, համեմատություն` ≟) գործողությունները, հանդես գալով որպես համակարգչի «հաշվիչ» կամ «մաթեմատիկական ուղեղ»՝ որը ձեւափոխում տվյալները ռեգիստրներում ըստ ԿՄ (տես` ԿՁՄ) հրահանգների։
Հաշվողական գիտություններ (անգլ.՝ computer science) - հաշվողական համակարգերի (համակարգիչների) ուսումնասիրությունն է, որը ներառում է հաշվողական տեխնիկայի ինչպես տեսական, այնպես էլ գործնական կողմերը: Այն ներառում է ալգորիթմների, ծրագրային ապահովման և սարքավորումների նախագծումը, մշակումը և վերլուծությունը. նաեւ ուսումնասիրում է հաշվողական տեխնիկայի և տեղեկույթի փոխանակման տեսական հիմունքերը, ներառյալ արհեստական բանականության, տվյալների կառուցվածքների և հաշվողական բարդության նման ոլորտները (Chrome AI, խմբագրված): Տեսական/մաթեմատիկական հիմքն են հանդիսանում` ձեւական տրամաբանությունը. ավտոմատների, ալգորիթմների, ձեւական քերականությունների տեսությունները. տիպերի, ծրագրավորման, եւ շարակապման (կոմպիլյացիա) տեսությունները. հավանականությունների, ինֆորմացիայի, հաղորդակցման, կոդավորման, թվային ֆիլտրների տեսությունները, ևն: Ճարտարագիտական/տեխնիկական հիմունքները ընդգրկում են` էլեկտրատեխնիկան, էլեկտրոնիկան, քվանտային մեխանիկան, ևն:
Թվայնացում - Համակարգչային տեխնոլոգիա, որի հետեւանքով անալոգ` ձայնային, գունային (պակերային), ևն, ազդանշանի հատկանիշների տարածաժամանակային արժեքները վերածվում են թվերի եւ գրանցվում հիշող համակարգում:
Թվանշացում - Համակարգչային տեխնոլոգիա, որի հետեւանքով թվայնացված անալոգ ազդանշանը վերածվում է գրանշանների, օրինակ` Unicode կոդավորման համակարգի:
Թոքեն – ընդհանրական իմաստով, ամբողջը ներկայացնող մի փոքր մաս: Լեզվաբանության կամ հաշվողական գիտության մեջ թոքենը բառ է, բառի մաս կամ կետադրական նշան, որն օգտագործվում է տեքստը վերլուծելու համար:
ԹՏՄ` Թվաբանական տրամաբանական միավոր – համակարգիչի այն մասը, որտեղ կատարվում են մեքենական հրահանգների վերածված որեւէ ծրագրային լեզվի շարակապված կոդը:
Լեզու - տե՛ս [Հայ2022::343], [Հայ2023], Լեզու եւ խոսք հատվածը
ԼՁՍ` լեզվական ձեւափոխումների սարք - «Լեզվական օրգանի» որպես ԸԹՄ ներկայացումը: Վերացարկում է ընդհանրական քերականական «հաշվարկումը»` խոսքի սերումն ու վերլուծումը:
Կատարման ուժ (կատարման տեսակ) – ամեն մի խոսքային կատարում ունի խոսքային (լոկուցիոն) ուժ, որը արտաբերման բառացի իմաստն է, բովանդակությունը: Այս ուժը պայմանավորվում է միայն բառերի մակերեսային իմաստով, շարահյուսությամբ և հնչողությամբ: Խոսողի մտադրությունից կամ լսողի ազդեցությունից անկախ է: Դա ասելիքն է [էջ 29], ինչպես օրինակ՝ «Այստեղ շոգ է» բառացիորեն նշանակում է «շրջապատի բարձր ջերմություն»: Ասելիքին հակադրվում են մտադրական (իլոկուցիոն) ուժը, որը բերված օրինակում կարող է պատուհանը բացելու խնդրանք լինել, եւ ազդողական (պերլոկուցիոն) ուժը՝ լսողների մոտ պատուհանը բացելու մղումը:
ԽԳԲ - խոսագեների բազմություն: Մարդու մայրենի լեզվի ձեւույթների եւ այդ ձեւույթներից խոսք սերող կանոնների բազմությունները, որոնք մեզ [դեռ] անհայտ ձեւով գրանցված են ուղեղում: Այս բազմությունների ամեն մի անդամ խոսագեն է: Ինչպես կենսաբանական գենետիկայում, այդպես էլ լեզվաբանականում երկու տեսակի գեներ կան` ա) [սպիտակուց] կոդավորող եւ բ) [սպիտակուցի արտադրանքը] կառավարող
Խորհրդանիշ (անգլ.՝ symbol) - Խորհրդանիշը լայն հասկացություն է, որը ներկայացնում կամ փոխարինում է մեկ այլ բան, հաճախ վերացական կամ իրենից ավելի մեծ: Խորհրդանիշները կարող են լինել տեսողական, ֆիզիկական կամ փոխաբերական: Դրանք հիմնված են լրացման սկզբունքի վրա եւ պահանջում են գիտակցված ասոցիացիա իրենց իմաստն ամբողջությամբ հաղորդելու համար: Խորհրդանիշերը հաճախ ունենում են ինչպես բացահայտող, այնպես էլ քողարկող գործառույթներ, եւ դրանց մեկնաբանումը կարող է պահանջել դիտորդի ակտիվ համագործակցություն, մշակութային ենթատեքստի իրազեկություն: Նշաններն ու նշանակները կարող են ավելի պարզ լինել իրենց իմաստով եւ սովորաբար նրանց նշանակությունը ենթատեքստից անկախ է: Խորհրդանիշը հաճախ կարող է արտահայտել այն ամբողջ հայեցակարգը, որը ներկայացնում է, մինչդեռ նշանը սովորաբար ընկալվում է որպես թերի ներկայացում:
Խոսագենոմ - լեզու (բարբառ) կրողների ԽԳԲ-ների միջայնացված ԽԳԲ; Ամեն գենին վերագրվում է հաճախականություն, որը համայնքի ԽԳԲ-ների քաղվածքից ստացված միջին արժեքն է:
Խոսույթ (անգլ.՝ discourse) - խոսքային գործընթացի հետեւանքով ստեղծված խոսքային, հաղորդում։ Խոսույթը խոսքի տրամաբանական այն նվազագույն միավորն է, որի դատողությունները խիստ կապված են եւ նրանց իմաստն ու մտադրվածությունը անհնարին կամ դժվար է հասկանալ առանց մյուսների: Նվազագույնությունը տվյալ կոնտեքստում պետք է հասկանալ հետեւյալ կերպ` խոսույթից ցանկացած բառակապակցության հեռացումից այն դադարում է խոսույթ լինելուց, այսինքն` այն անհնարին կամ դժվար է հասկանալ: Այս հասկացությունը արտահայտող այլընտրական եզրույթները տես տրամասություն հոդվածում:
Խոսույթային շրջանակ (անգլ.՝ discourse frame) – տվյալների կառույց որտեղ խոսույթի խոսակցային կատարումների արդյունքը կգրանցվի որպես իմաստային դերերի եւ նրանց արժեքների զույգերի բազմություն: Օրինակ` այս սահմանման շրջանակը կլինի` {Գործող (իրական ենթակա) : N/A, Հետեւանք : տվյալների կառույցի գրանցում, {Ստորոգելի : բազմություն, {Ստորոգելի : զույգեր, {Ստորոգելի : իմաստային դերերի եւ նրանց արժեքների}}}}
Խոսվածք (անգլ.՝ vernacular) – Ժողովրդական լեզուն. լեզվի սովորական, ոչ ձեւական, խոսակցական ձեւը, հատկապես, երբ ընկալվում է որպես ավելի ցածր սոցիալական կարգավիճակ կամ ավելի քիչ հեղինակություն, քան ստանդարտ լեզուն, որն ավելի կանոնավորված է, պետական ինստիտուտներով առաջ մղվող, գրական կամ ֆորմալ։
Խոսք - տե՛ս [Հայ2022::344], [Հայ2023], Լեզու եւ խոսք հատվածը, [Hay2025].
Ծայրամասային անատոմիա (անգլ.՝ Peripheral Anatomy) - կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող կառույցները (եւ նրանց ուսումնասիրությանը), որոնք ներառում է ուղեղը եւ ողնուղեղը: Այս կառույցները պատասխանատու են ազդանշանների փոխանցման եւ մարմնի գործառույթների վերահսկման համար: Օրինակ` տեսողական եւ լսողական համակարգերը:
Մետաքերականություն – քերականություններ սերելու լեզու։ Այսինքն` քերականական օրենքների այն ընդհանրական կաղապարները, որոնցով բնորոշվում է քերականությունների մի դաս: Մետաքերականությունը մի համակարգ է, որը քերականություններ է նկարագրում, սահմանում, կամ ստեղծում նախատեսված ձեւանմուշներով։ Բնական լեզուների մետաքերականությունը, որն ի ծնե «գրանցված» է մարդկանց ուղեղում երկար ժամանակ կոչվում էր «համընդհանուր քերականություն» (universal grammar), որ ճշգրիտ չէ (տես ստորեւ):
Մտադրություն (անգլ.՝ intention) – խոսքային կատարման բաղադրիչներից մեկը, որով պայմանավորվում է խոսքային հաղորդման նպատակը: Մյուս բաղադրիչը դատողությունն (պնդումն) է:
Համագիտելիք (անգլ.՝ common knowledge) - «ասում են, որ երկու անհատ՝ 1-ը եւ 2-ը, որեւէ իրադարձության մասին համագիտելիք ունեն, եթե երկուսն էլ գիտեն, որ 1-ը գիտի, որ 2-ը գիտի դա, 2-ը գիտի, որ 1-ը գիտի, որ 1-ը գիտի, որ 2-ը գիտի, որ 1-ը գիտի այն, եւ այլն» [Aum1976][1]։ Կարեվոր է նշել, որ համագիտելիքը ոչ թե այն գիտելիքն է, որը հայտնի է երկուսին, այլ նաեւ, որ երկուսից յուրաքանչյուրը գիտի, որ մյուսը գիտի դրա մասին:
Համաձայնեցման տողեր - Համաձայնեցման տողերը ցույց են տալիս, թե ինչպես է կոնկրետ բառը կամ արտահայտությունը (որը կոչվում է «հանգույց» կամ «հիմնաբառ») օգտագործվում համատեքստում, կորպուսում: Սովորաբար ցույց են տալիս`
Հիմնաբառը կենտրոնում
Մի քանի բառ հիմնաբառից առաջ եւ հետո («համատեքստ»)
Երբեմն յուրաքանչյուր օրինակի աղբյուրը
Համաձայնեցման տողերի ուսումնասիրության գործիքներ:
Համատեղումներ - բառերի խմբեր, որոնք հաճախ են հանդիպում: Սրանք բառերի զուտ վիճակագրորեն նշանակալի զույգեր կամ խմբեր են:
Համընդհանուր քերականություն - բնալեզվական կարողությունների ընդհանուր հատկությունների ամբողջություն: «Համընդհանուր»-ը նշանակում է բոլոր քերականություններում հանդիպող ընդհանուր մասերի ամբողջություն: Այն ենթադրում է մասերի ընդհանրություն, մինչդեռ մետաքերականությունը` կառուցման սկզբունքների:
Հավատ - որեւէ պնդման ճշմարտացիության կամ որեւէ էակի կամ երեւույթի իրականության սուբյեկտիվ համոզմունք, անկախ դրա հիմնավորվածությունից:
Հարաբերակ (անգլ.՝ correlate) - երկու կամ ավելի կապված կամ փոխլրացնող բաներից յուրաքանչյուրը:
Հարմարեցման ուղղություն (անգլ.՝ direction of fit) – խոսքային մտադրականության մեջ օգտագործվում է արտահայտության տեսակները տարբերակելու ըստ հաջողության պայմանների կիրառման ասպարեզի` մի՞տք, թե՞ իրականություն: Կան արտահայտություններ, որոնց հաջողության պայմանները ենթադրում են մտավոր վիճակների փոփոխություն ըստ բովանդակության, իսկ կան այնպիսիք, որ ենթադրում են իրական վիճակների փոփոխություն: Առաջին տեսակի արտահայտություններից են գիտական պնդումները` «Երկիրը գնդաձեւ է», «Արեգակը գերտաք է»: Երկրորդ տեսակի են` հրամանները եւ հռչակումները` «կրա՛կ», «ՍՄԿԿ համագումարը համարում եմ փակված», ևն: Առաջինների հարմարեցման ուղղությունը աշխարհից-խոսք (միտք) է, վերջիններինը` խոսքից-աշխարհ:
ՀԹՄ` հատուկ Թյուրինգի մեքենա – Որեւէ հատուկ, միայն մեկ ալգորիթմ իրացնող վերացական մեքենա: :
Կապակվածություն (անգլ.՝ coherence) – բառակապակցությունների միջեւ վերաբերական, հետեւողական կապ ունենալու խոսքի (խոսույթի) հատկություն։
Կենտրոնական ձեւափոխիչ միավոր (անգլ.՝ Central Processing Unit, CPU)` ԿՁՄ - համակարգչի «ուղեղը» է, որը կատարում է հրահանգներ, հաշվարկներ (թվաբանություն/ տրամաբանություն) եւ կառավարում է ամբողջ համակարգի գործունեությունը տվյալների հոսքը ներառյալ՝ հիմնվելով կառավարման միավորի (Control Unit, CU)` ԿՄ-ի եւ ԹՏՄ-ի վրա հրամաններ ստանալու, վերծանելու եւ կատարելու համար։
Կորպուս - խոսքային տվյալների շտեմարան է, որն ապահովում է այդ տվյալների բազմազան հատկանիշների հարմարավետ արտապատկերում եւ այդ հատկանիշներով որոնում:
ՆԵՎ` Թյուրինգի մեքենայի ներկա վիճակ:
Նեոտենիա (մանկատեւում) - օրգանիզմի, սովորաբար կենդանու, ֆիզիոլոգիական կամ սոմատիկ զարգացման հետաձգում կամ դանդաղեցում։ Ժամանակակից մարդկանց մոտ նեոտենիան ավելի նշանակալի է, քան մյուս պրիմատների մոտ։
Նշան (անգլ.՝ sign) - Նշանն այն ամենն է, որը թարգմանչին հաղորդում է իմաստ, որն ինքնին նշանը չէ: Նշանաբանության մեջ նշանները կարելի է դասակարգել տարբեր կատեգորիաների՝ ներառյալ սրբապատկերներ, ինդեքսներ եւ խորհրդանիշներ: Նշանները հաճախ օգտագործվում են կոնկրետ ինչ-որ բան ներկայացնելու կամ մատնանշելու համար, եւ դրանք կարող են լինել տեսողական, լսողական կամ ժեստային: Նշանները հիմնականում օգտագործվում են հաղորդակցության համար, խորհրդանիշները՝ ներկայացման համար, իսկ նշանակները՝ նույնականացման կամ իսկորոշման համար:
Նշանակ (անգլ.՝ token) - սովորաբար ֆիզիկական առարկա է, որը ներկայացնում է ավելի մեծ հայեցակարգի մասնակի կամ սահմանափակ ասպեկտ: Ի տարբերություն խորհրդանիշների, նշանակները, ընդհանուր առմամբ, անբավարար են իրենց ներկայացրածի ամբողջականությունը արտահայտելու համար: Որոշ համատեքստերում նշանակները կարող են դիտվել որպես պարզունակ կամ նույնիսկ ոչ ադեկվատ ներկայացումներ:
Շարժույթ [անգլ.՝ chereme] - Շարժական, շարժումնային միավորներ, որոնց համակցություններով նշանակվում են շարժական խոսքի իմաստները: Շարժույթները ձեռքերի եւ երեսի մկանների շարժումներ են, որոնք հաճախ ուղեկցվում են բառերի արտասանությանը հատուկ շուրթերի շարժումներով: Գրավոր խոսքի գրույթի եւ բանավոր խոսքի ձայնույթի համաբանն է։
ՇՏՍ` շարակարգման տրամաբանական սարք – քերականությանը տեղյակ ԼՁՍ-ի մաս` քերականության վերացարկում: ԹՏՄ-ի նմանակը «լեզվական օրգանում»:
Շրջածանց (անգլ.՝ circumfix) - ածանց, որն ունի երկու մաս՝ մեկը տեղադրված է բառի սկզբում, մյուսը՝ վերջում։
Պարփակում (անգլ.՝ clause) - իրական ենթակա (քերականորեն արտահայտված կամ ոչ) եւ իմաստային ստորոգյալ պարունակող բայական բառակապակցություն` պարզ ինքնուրույն կամ ստորադաս նախադասություն:
Պիքսել (անգլ.՝ pixel, pic[ture] el[ement]) - թվային պատկերման մեջ ռաստրային պատկերի կամ ցուցադրման կետային մատրիցային սարքի ամենափոքր հասցեավորվող (այսինքն կարտեզյան համակարգի երկու կոորդինատ ունեցող) տարրը։ Թվային ցուցադրման սարքերի մեծ մասում պիքսելները ամենափոքր տարրերն են, որոնք կարող են ծրագրային համակարգի միջոցով կառավարվել։
Պրեֆորմիզմ (լատին․՝ praeformare - նախաձեւավորել) – նախկինում (XVIII դ.) տարածված կենսաբանական ուսմունք, որի համաձայն օրգանիզմները զարգանում են կառուցվածքով իրենց նման, բայց փոքր օրգանիզմներից։ Այսինքն, կենդանիների սաղմը ոչ թե կառուցվում է սեռական բջիջների միավորման, ստացված բջջի պատճենավորման եւ տարբերակման ընթացքում, այլ ուղղակի մեծանում չափսերով:
Սպիտակ աղմուկ - ազդանշան, որը պաունակում է նույն հզորության տարբեր հաճախականություններ։ Պատահականության հավսար պաշխման նկարագրություն է: Սպիտակ աղմուկը վերաբերում է ազդանշանների և ազդանշանների աղբյուրների վիճակագրական մոդելին, այլ ոչ թե որևէ կոնկրետ ազդանշանի։ Սպիտակ աղմուկն իր անվանումը ստացել է սպիտակ լույսից, չնայած սպիտակ թվացող լույսը տեսանելի տիրույթում, որպես կանոն, չունի հարթ հզորության սպեկտրի խտություն ։
Սպիրանտ - շփական. Բաղաձայն հնչյուն, որը կազմվում է արտասանական գործարանների մերձեցման հետեւանքով ստացված ճեղքով անցնող օդի շփումով:
Վերկրկնություն - տե՛ս [Հայ2022::359-360]
Ցանց (անգլ.՝ network) - ետնապլանի (տե՛ս) լրացում, որն արտացոլում է, թե տրված միտումնավոր վիճակը ինչպես է կախված այլ միտումնավոր վիճակներից` այլ համոզմունքներից, այլ ցանկություններից, և այլ միտումնավոր վիճակներից: Սրանք անհրաժեշտ են տրված միտումնավոր վիճակի իմաստավորման համար, քանի որ ցանակացած վիճակի միտումնավորությունը որոշվում է միայն այլ միտումնավոր վիճակների և դրանց ներկայացուցչական բովանդակության համատեքստում [Sea1983, Ch. 6]:
Քանակիչ (անգլ.՝ quantifier) - Ձեւական սեմանտիկայում ընդհանրացված քանակիչը այն արտահայտությունն է, որը նշանակում է բազմությունների բազմություն։ Այս իմաստը սովորաբար վերագրվում է քանակական գոյական բառակապակցություններին: Օրինակ, յուրաքանչյուր տղա ընդհանրացված քանակիչը նշանակում է բազմությունների այն բազմությունը, որի անդամն է յուրաքանչյուր տղա-ն; Կանոնավոր արտահայտություններ-ում ` '*' եւ '?' անհատկանիշները քանակիչ են համարվում (անվանվում):
Ֆետալիզացիա (պտղականացում) - համեմատաբար ավելի «ցածր» ձեւերի զարգացման ընթացքում առկա պարագաների պահպանում ավելի բարձր «ձեւերի» հետծննդյան կյանքում. օրինակ` մարդու (նորածին) գանգը ավելի նման է նորածին գորիլայի պարզունակ գանգին, քան մեծահասակ մարդու խիստ մասնագիտացված, զանգվածային գանգին:
Ֆրազա – բառակապակցություն
[1] Առաջինը անգամ սահմանվել է [Lew1975]:
Comments