Ձայնարկություն
Տեսություն
Ստորեւ բերված մեջբերումները (Բարսեղյան, 1980) համապատասխան էջերով նվիրված են ձայնարկությունների քննարկմանը:
***
Քաղվածքներ
Ձայնարկություններ
Հուզական է դառնում այն, երբ կամ գործածում ենք հուզականության այդպիսի երանգ տվող հասկացական բառեր, ասենք' Ես հիացած եմ, Ես յոթերորդ երկնքումն եմ և այլն, և կամ էլ երբ վերաբերմունքը արտահայտում ենք պարզապես զգացմունքի ոչ հասկացական, այլ անմիջական վերաբերական բառերով ձայնարկություններով, ինչպես, ասենք, համապատասխան հնչերանգով արտահայտված' ա՜խ (էջ 384):
Զգացական վերաբերմունքը կարելի է արտահայտել դատողության խոսքերում հասկացություն արտահայտող այնպիսի բառերով, որոնք ունեն հուզաարտահայտչական երանգ։ Նա քնում է, նստած է, ուտում է և այլ արտահայտչականորեն չեզոք մտքերի դիմաց կարող են լինել' Նա նիրհում է, բազմած է, ճաշակում է, կամ' Նա մռփում է, շնթռկած է, խժռում է սուբյեկտիվ վերաբերմունքի զուգորդմամբ արտահայտված մտքեր։ Երկրորդ դեպքում զգացական վերաբերմունքը արտահայտված է հասկացական նշանակության բառերի միջոցով, որպես սրանց հուզաարտահայտչական հատկանիշ (քնել—նիրհել — ննջել — մրափել — մռփել. ուտել — ճաշակել—խփշտել—խժռել—լափել և այլն)։ Այս դեպքում, ուրեմն, սուբյեկտիվ վերաբերմունքի գիտակցումը հետևանք է բառի հասկացական նշանակությանը և նրանից անբաժան է ու ոչ անկախ:
Խոսքին հուզաարտահայտչական երանգ են տալիս զգայական վերաբերմունք արտահայտող առանձին տեսակի բառեր` ջա՜ն, ա՜խ, ուխա՜յ, վա՜յ, ամա՜ն, օ՜ֆ, թո՜ւ և այլն։ Սրանք էլ հուզական վերաբերմունքի սոսկ արտահայտություն են, առանց հասկացության զուգորդման։ Սրանց նշանակությունը լոկ իրենցով արտահայտված տարբեր զգացական վերաբերմունքների գիտակցումն է մեր կողմից (էջ 385):
Իմաստային նույն առանձնահատկությամբ են օժտված կամային վերաբերմունքի բառերը' դե՛, հե՛յ, հարա՜յ, փի՛շտ, քշա՜ — քշա՜ և այլն։ Սրանցում բառիմաստի գոյության ապացույցը դարձյալ այն պատճառաբանությունն է, որ լեզվական ավանդույթով այս կարգի բառերն էլ հասարակայնորեն գիտակցվում են, որպես զանազան կամային ցանկություններ, պահանջներ արտահայտող բացականչություններ։ Սակայն սրանցում այդ կամային-հրամայական ցանկությունների գիտակցական ընկալումն անհամեմատ թույլ է (էջ 386):
Ձայնարկությունների իմաստային կողմի քննության մեջ ուսումնասիրողները մասնավորապես ընդգծում են հնչերանգի դերը։ Սրանք այնպիսի բառեր են, որոնց իմաստային արժեքը պայմանավորված է հնչերանգով, ինչպես նաև դիմախաղով և շարժումներով (էջ 386):
Իմաստային «կառուցվածքով» միանգամայն այլ տիպի բառեր են ձայնարկությունների տեսակ համարվող նմանաձայնությունները։ Ընդհանրապես վերաբերելով խոսքի հուզաարտահայտչական կողմին սրանք, ի տարբերություն ձայնարկությունների, զգացական ու կամային ոչ մի վերաբերմունք չեն արտահայտում։ Այգ նկատի ուներ Լ.Վ. Շչերբան, որ գրում էր, թե «Ինքնին հասկանալի է, որ միյաո՜ւ-միյաո՜ւ, վաո՜ւ-վաո՜ւ[1] և նման այսպես կոչված նմանաձայնությունները ձայնարկություններ համարելու ոչ մի հիմք չկա»[2]։ Հայագիտության մեջ Էդ. Աղայանը նույն հիմունքով նմանաձայնությունները համարում է առանձին խոսքի մաս (էջ 388):
Նմանաձայնություններ
Նմանաձայնությունները առանձին խոսքի մաս համարող լեզվաբանները նրանցում
«ա) ձայնարկություններն արտահայտում են հուզմունք և կամք, նմանաձայնության բառերը հանդես են գալիս որպես ձայնային կամ շարժումնային տպավորությունների (образов) պայմանական արժեքներ և չեն արտահայտում ո'չ հույզ, ո չ (կամք. ,
բ) նմանակերպության բառերն ունեն հնչյունական կազմությամբ պայմանավորվող նշանակություն, նրանք անմիջաբար «արտահայտում են երևույթներ, դրանով նրանք տարբերվում են ոչ միայն ձայնարկություններից, այլև մնացած խոսքի մասերից.
գ) նմանակերպության շատ բառեր հակված են բազմիմաստության. բազմիմաստ նմանակերպության բառերում վառ արտահայտված է երկրորդական նշանակույթյուններ զարգացնելու միտում, որ յուրահատուկ է մյուս խոսքի մասերին (հիմնական և սպասարկու), այն դեպքում, երբ ձայնարկություններում այդպիսի նշանակություններ չեն առաջանում.
դ) կրկնությունները նմանակերպության բառերում ծառայում են ոչ միայն ընդօրինակված երևույթների ուժեղացման համար, ինչպես այդ տեղ է գտնում ձայնարկությունների մեջ, այլ մատնանշում են նրանց տևականությունը, բնութագրում են այդ երեւույթները քանակական և որակական տեսակետներից»[3] (էջջ 389-90):
Ի տարբերություն լեզվի մնացած ամբողջ բառապաշարի, նմանաձայնություններն, ինչպես տեսանք, չեն արտահայտում ո՜չ առարկաների ու հատկանիշների, ո՜չ սրանց հարաբերությունների գաղափարներ և ո՜չ էլ զգացական ու կամային զանազան վերաբերմունքներ։ Նրանք նյութի շարժման ձայնային տպավորությունների լեզվական պատճեններն են և ունեն հենց այգ «հնչյունական կազմությամբ պայմանավորվող նշանակություն». Այդ նշանակությունը լեզվական «իմաստ» է դառնում այնքանով, որ հասարակայնորեն գիտակցվում է իբրև բնական այս կամ այն երևույթի ձայնային ընդօրինակում, որով էլ տը՜զ բացականչությունը կապվում է ոչ թե շան, այլ ճանճի հետ, ընկալվում է իբրև նրա արձակած ձայնը, իսկ Սա հա՜ֆ-հա՜ֆ-ը իբրև շան հաչոցի ձայնը, որպիսի տարբերակմամբ էլ նրանք գիտակցվում և լեզվում վերարտադրվում են իբրև բառեր (էջ 390):
Հայերենի դերբայական ֊ալ վերջավորությամբ ձևավորվելով որպես բայ նմանաձայնությունները հետո ազատ կերպով ածանցմամբ դառնում են ածականներ և գոյականներ, (տզան, բզան, շրխկան, քստքստան, տզոց, բզոց, շրխկոց, քստքոտոց և այլն) (էջջ 392-3): Տե՜ս նաեւ Հայրապետյան, 2022 : 97-100);
Այս ամենը մեզ բերում են այն համոզման, որ նմանաձայնություններն, իրոք, իրենց բովանդակությամբ և բառային հատկանիշներով տարբերվում և առանձնանում են ձայնարկություններից որպես առանձին բառատեսակ։
Ձայնարկությունները բնութագրվում են հետևյալ հատկանիշներով
ա) ձայնարկությունների բառային իմաստը (лексическое зн.) կամ, Էդ. Աղայանի տերմինով ասած, բառիմաստը (значение слова) նրանցում մարդու զգացական ու կամային վերաբերմունքների գիտակցումն է տվյալ լեզվով խոսող հասարակության կողմից.
բ) իրենց այդ վերաբերմունքային բովանդակությունը ձայնարկություններն արտահայտում են համապատասխան հնչերանգով, որը նրանցում հարուստ ու բազմազան է.
գ) ձայնարկությունների հնչերանգը հաճախ զուգակցվում է նաև դիմախաղով (мимика) և այլ շարժումներով.
գ) կոչական այս կամային ձայնարկությունները բովանդակությամբ անհամեմատ աղքատ են. նրանք ավելի շուտ բառ-կանչեր են, բառ֊դրդիչներ.
ե) ձայնարկությունները զուրկ են բառակազմական և բառաթեքական առանձնահատկություններից. կոչական ձայնարկությունները մեծ մասամբ կրկնավորներ են (քշա՜֊քշա՜, ջո՜ ւ֊ջո՜ւ-ջո՜ւ, հե՜յ- հե՜յ, ծի՜վ-ծի՜վ),
զ) ձայնարկությունները արտասանորեն երբեմն դուրս են դալիս լեզվի հնչյունական համակարգի սահմաններից.
է) ձայնարկությունները արտահայտում են մարդու զգացմունքը և կամքը անմիջաբար, դրանք հիմնականում ոչ֊հաղորդակցական, արտահայտչական բնույթի են, այսինքն նախատեսված են ոչ թե հաղորդակցման, այլ արտահայտչության համար[4]:
Նմանաձայնությունները բնութագրվում են հետևյալ հատկանիշներով'
ա) նմանաձայնությունները չեն արտահայտում ո՛չ զգայական, ո՛չ էլ կամային որևէ վերաբերմունք, նրանք ձայնային կամ շարժումնային տպավորությունների պատճառներ են, կամ բնական ու կենդանական ձայների ընդօրինակումներ.
բ) նմանաձայնությունների նշանակությունը անմիջականորեն պայմանավորված է նրանց հնչյունական կողմով, որի հետ կապվում է տվյալ լեզվով խոսող հանրության կողմից այդ երևույթի գիտակցումը.
գ) նմանաձայնությունները բառ-նշաններ են, որոնցում նշանը նշանակության սիմվոլը չէ, այստեղ բառ-նշանն ու «նշանակությունը» նույնանում են.
գ) նմանաձայնություններն ունեն հնչյունական արտահայտության և արտասանական֊հնչերանգային յուրահատկություններ.
ե) նմանաձայնությունները զուրկ են բառակազմական և բառաթեքական առանձնահատկություններից.
զ) նմանաձայնությունները կատարում են բառակազմական֊հիմույթային ակտիվ դեր[5] (էջջ 393-4):
Ձայնարկություններն աոանձին խոսքի մաս համարող բոլոր լեզվաբանները գրանցում այդպիսի խոսքիմասալին իմաստ են համարում զգացական ու կամային վերաբերմունքի արտահայտումն ընդհանրապես։ Նմանաձայնությունների մեջ չտեսնելով այդպիսի ընդհանուր իմաստ ուրիշներն, ինչպես տեսանք, վերջիններն առանձնացնում են իբրև առանձին խոսքի մաս և սրանց համար էլ խոսքիմասային իմաստ են ճանաչում բնական ձայների, իբրեւ ձայնային տարբեր երևույթների, գիտակցումն ընդհանրապես։ Նմանաձայնությունները ձայնարկություններին միավորող լեզվաբաններից ոմանք էլ, ճշգրիտ լինելու համար, ձայնարկությունն իբրև խոսքի մաս իմաստաբանորեն սահմանում են այնպես, որ իր մեջ միավորի նաև նմանաձայնությունները, այն է' «Այսպիսով, ձայնարկություններն արտահայտում են անմիջական զգացմունք ու կամք կամ հանգես են գալիս որպես ձայնական տպավորության անմիջական արտահայտություն»[6] (էջ 395):
Խոսքի մասերը ճանաչելով որպես բառաքերականական կարգեր խոսքի քերականական կապակցությունից դուրս մնացող բառերում լեզվի քերականական կառուցվածքի թելադրանքով ու նրանով պայմանավորված խոսքիմասային վերացարկված քերականական իմաստների որոնումը մենք շատ այլ լեզվաբանների պես համարում ենք անօգտակար գործ։ Եթե խոսքի մասերն իմաստային ընդհանրությունների հիման վրա շարահյուսական գործառությամբ մասնագիտացված բառախմբեր են, ապա խոսքիմասային իմաստը բառային նշանակությունների հիման վրա գոյացող այն ընդհանուր քերականական իմաստն է, որն արտահայտվում է բառերի կապակցելիության կամ լրացականության ներունակությամբ։ Հետևաբար, ձայնարկությունները կարելի է իմաստային եթե ոչ երեք, ապա երկու նոր խմբերի բաժանել, նմանաձայնությունները դիտելով որպես միանգամայն այլ բովանդակային պլան ունեցող բառախումբ։ Բայց այս տարբերակումը խոսքիմասալին չի։ Ձայնարկությունները զուրկ են խոսքիմասային իմաստից կամ ունեն խոսքիմասային զրո իմաստ։ Հայերենի խոսքիմասային համակարգի մեջ նրանք կարող են մտնել որպես այդ համակարգի բացասական հատկանշակիր անդամ։
***
Փոխառնելով ծրագրավորման բնագավառի եզրաբանությունը կարելի ասել, որ եթե սովորական բառը (իմաստույթ) վերացական փոփոխական է, որին իմաստ է նշանակում ա) տվյալ համայնքը եւ բ) մասնակի համատեքստը, ապա նմանաձայնությունը տառացի[7] է, որն ինքն իր պատկեր է նշանակում:
Գրականություն
Բարսեղյան Հ., Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Երևանի համալս. հրատ. Ե., 1980.
Հայրապետյան Ա. (2022) Բնական խոսքի ընդհանրական ներկայացման մի տարբերակի մասին. Agoulis, Concord, (ավտոռեֆերատ)
[1] Ես սա 90-ականների ամերիկանիզմ էի համարում, քանի որ ռուսական կինոներից մեկում հերոսը զարմացած ասում է. “И откуда у тебя это վաո՜ւ? Պարզվում է (տես Շչերբայի ստորեւ հղված աշխատությունը), սա վաղուցվա պատմություն է: Չնայած առանձ համատեքստի նշանակությունը պարզ չէ: Միգուցե սա էլ կենդանական:
[2] Л.В. Щерба, Избранные работы по русскому языку, М,, 1957, Էջ 67:
[3] Р.К. Кунгуров, А.Н. Тихонов, Изобразительные слова как самостоятельная часть речи, («Вопросы теории частей речи», 1966, Էջ 258):
[4] Հմմտ. А. И. Германович, Междометия русского языка, Киев, 1966, էջ 13, 37։ Գ.Բ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության 1974, էջ 361—368։
[5] Հմմտ. р. К. Кунгуров, А. Н. Тихонов, նշվ. աշխ. էջ 254, 258: Գ.Բ. Ջահուկյան, նշվ. աշխ., էջ 364։
[6] Գ.Բ. Ջահուկյան, նշվ. աշխ., էջ 364։
[7] Այս համատեքստում սա գոյականաբար գործածվող ածական է` literal [meaning], որը լայնորեն գործածվելու պարագայում գյուղացի, քաղաքացի ածականների նման որպես գոյական կսկսի ընկալվել: Եթե ձեր մերձակայքում ծրագրավորող կա, հարցրեք` նա ավելի մանրամասը կբացատրի:
Comments